Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար մոտավորապես 4,1 միլիարդ եվրոյի երկրորդ կանոնավոր հատկացումը ԵՄ հիմնադրամի շրջանակներում՝ աջակցելու մակրոֆինանսական կայունությանը և պետական կառավարման գործունեությանը:
«Հանձնաժողովի այսօրվա դրական գնահատականը Ուկրաինայի 4,1 միլիարդ եվրոյի դիմումին ևս վկայում է թե՛ Ուկրաինայի հանդեպ Եվրոպայի անսասան հանձնառության, թե՛ դեպի ԵՄ շարժվելու համար կարևոր բարեփոխումների իրականացման գործում երկրի տպավորիչ առաջընթացի մասին»,-ասել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովը կոմյունիկեի մեջ ասվում է, որ հոկտեմբերին երկրորդ տրանշի վերաբերյալ Կիևի դիմումի գնահատման արդյունքում ԵՀ-ն եզրակացրել է, որ «Ուկրաինան բավարար կերպով կատարել է այս վճարման համար համաձայնեցված ինը բարեփոխումների ցուցանիշները»:
Այս բարեփոխումները, մասնավորապես, ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնես միջավայրը, աշխատաշուկան, տարածաշրջանային քաղաքականությունը, էներգետիկ շուկան և շրջակա միջավայրի պահպանությունը, հիշեցրել է Բրյուսելը։
«Եվրամիության խորհրդի կողմից հաստատվելուց հետո այս որոշումը 2024 թվականին Ուկրաինայի համար ծրագրին աջակցելու համար հատկացված միջոցների ընդհանուր գումարը կավելացնի մինչև 16,1 միլիարդ եվրո», ասվում է կոմյունիկեի մեջ:
Միջոցների փոխանցումը Կիև տեղի կունենա ԵՀ-ի առաջարկով ԵՄ խորհրդի որոշումից և Եվրահանձնաժողովի կողմից վճարման մասին որոշման ընդունումից հետո, նշվում է փաստաթղթում։