ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԻՆՉ ՔՊ ՄՏՆԵԼԸ ԲԵՌՆԱՏԱՐ Է ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաց աղբյուրներում տեղադրված ինֆորմացիայի ուսումնասիրության արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Թավշյա հեղափոխության» թեժ օրերին այսօրվա ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բեռնատար մեքենա է գնել: Մինչ այդ փաստը մանրամասնելը տեղեկացնենք, որ Կոնջորյանը եզակի «չքայլած» հեղափոխականներից է, որը երիտասարդ տարիքում հասցրել է երեք կուսակցություն փոխել:

Կոնջորյանը «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության (ՀԺԱՄ) անդամ էր, որտեղից դուրս է եկել չբացատրված պատճառներով: Միայն հայտնի է, որ նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր, հասցրեց իր հարսանիքի քավոր դարձնել Էդմոն Մարուքյանին եւ քայլում էր դեպի լուսավոր ապագա: Այդ ճանապարհին նա, կարծես թե, այնքան էլ չէր հավատում իր քաղաքական ապագային, դրա համար, թերեւս, բեռնատար «Հունդայի» էր գնել, որպեսզի ինչ-որ գործունեություն ծավալեր: Բայց 2018-ից Կոնջորյանը նաեւ իր քավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից էլ դուրս եկավ` տեղավորվելով իշխող թիմի ներսում: Եվ այդ ընթացքում նրա «բեռնատար» ավտոմեքենան 2022 թվականի հայտարարագրում դարձավ «մարդատար»: Ավելին՝ մարդատար ավտոմեքենան նա վաճառեց իր հարազատ եղբորը 3 միլիոն դրամով` նույն օրը եղբորից գնելով 9 միլիոն դրամ արժողության «Տոյոտա» մեքենան։

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց կապ հաստատել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հասկանալու համար, թե հեղափոխության օրերին ինչ խառը առք-վաճառքով է նա զբաղված եղել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

 

 

«Հեղափոխություն հանուն ՔՊ մերձակա խմբակի». այլ կերպ չի կարելի բնորոշել այն, ինչը արձանագրվում է թվերով, ավելի ճիշտ՝ թալանով, քանզի այդ բառը չարաշահելով, որպես լոզունգ օգտագործելով, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առ այսօր երկրում բարելավել են բացառապես սեփական բարեկեցությունը։ ԱԺ ՔՊ-ական անհայտ մի պատգամավոր կա` Տիգրան Պարսիլյան: Նախկին շարքային քաղաքացի, որի կինը՝ Նվարդ Սարգսյանը Մասիս քաղաքի ավագանու անդամ է, միաժամանակ Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի աշխատակից։ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ մինչ ՔՊ իշխանության գալը Նվարդ Սարգսյանը աշխատել եւ վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց տիկնոջ աշխատավարձը քառապատկվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ։ Նույնպիսի թռիչքաձեւ աճ արձանագրվեց նաեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ դեպքում: Նրա աշխատավարձը «Հայփոստ»-ում 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, իսկ 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։ Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկան միջին աշխատավճարը 1.8 միլիոն դրամ է: Դժբախտ թոշակառուների մասին, թերեւս, ավելորդ է հիշատակել. նրանց թոշակն այս տարի եւս գեթ մեկ դրամով չի ավելանալու` «գումար չկա»։ Բայց ՔՊ-ականների համար, փաստորեն, միշտ գումար կա:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին քննարկումները դեռ շարունակվում են: Չնայած Անդրանիկ Քոչարյանի ջանքերին՝ թեման ամեն գնով փակելու, Փաշինյանի հետ լեզու գտնելու, այնուամենայնիվ ՔՊ-ականների մի մեծ խումբ լուրջ է տրամադրված նրա պաշտոնանկությունը գլուխ բերելու հարցում: Իշխանականները թեման դեռ փակ չեն համարում, մեծամասնությունը կողմ է Քոչարյանի պաշտոնանկությանը, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ով էլ իր հերթին շարունակում է այս թեմայով լռություն պահպանել ու դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնում: Ահա սա է պատճառը, որ հարցը դեռ առկախված է մնում: Ինչու առկախված, քանի որ հայտնի «ինքնաքննադատության նիստի» օրը, երբ ՔՊ-ականները հերթով մոտեցել են ամբիոնին եւ վատաբանել Անդրանիկ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը չի ընդդիմացել, լսել է մոտ 40 ներկաների դժգոհությունները, բարկացել, ասել, որ հարցը պետք է լուծվի խմբակցության մակարդակով. սակայն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը դեռ դրա վերաբերյալ համապատասխան «ՍՄՍ հաղորդագրություն» չեն ստացել: Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը սպասում են, Անդրանիկ Քոչարյանից սարսափելով՝ չեն նախաձեռնում պաշտոնանկությունը առանց լրացուցիչ ճշտումների:

 

 

 

 

Առաջին կարգի մասնագետից մինչեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. այսպես է սկսվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Սարգիս Թորոսյանի կենսագրությունը։

Մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը Սարգիս Թորոսյանը շրջագայել է նախ առողջապահության նախարարությունում, հետո արդարադատության, ապա ՀՀ նախագահի աշխատակազմում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նախկին իշխանություններից է, որին մերժելով էլ ամրանում է ներկայիս իշխանությունը։ Հեղափոխության տարում Թորոսյանը տեղափոխվեց կառավարություն եւ հասարակ վարչության պետից դարձավ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Սարգիս Թորոսյանն իր՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է մայիսի 31-ին, որից տեղեկանում ենք, որ նա 2017 թվականին գնման եղանակով Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում եւ ավտոկայանատեղի: Անշարժ գույքը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, Թորոսյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցը հաշվետու տարվա վերջում պահպանվել է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի բանկային հաշիվներից մեկի մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 992 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 1 մլն 89 հազար դրամ։ Բանկային մյուս հաշվի մնացորդները նվազել են՝ 132 հազար դրամից դառնալով 3 հազար դրամ, վերջինը 271 հազար դրամից դարձել է կրկին 3 հազար դրամ:

Որպես կանխիկ դրամական միջոց հաշվետու տարվա սկզբում Սարգիոս Թորոսյանը հայտարարագրել է 8 մլն դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 5 մլն դրամ. կրկին նվազել է:

Տեղակալ Թորոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 19 մլն 125 հազար դրամ, որից 14 մլն 707 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձն է, 3 մլն 630 հազար դրամը պետական եկամուտների կոմիտեից ստացված գումարն է, 749 հազար դրամը փոխանցվել է Սլավոնական համալսարանից, որտեղ Թորոսյանը դասախոս է աշխատում  2015 թվականից, իսկ 38 հազար դրամը նրան փոխանցվել է Կառավարման ակադեմիայից:

Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Թորոսյանի վարկի մայր գումարը կազմել է 36 մլն 313 հազար դրամ, որից 35 մլն դրամը բնակարանների հիփոթեքի մայր գումարի մնացորդներն են: Այսինքն՝ Թորոսյանն ունի հիփոթեքով ձեռք բերված 2 բնակարան։

Հենց բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար է Թորոսյանը եկամուտ ստացել ՊԵԿ-ից՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։

Ֆինանսական միջոցների նվազումն էլ պայմանավորված է նրանով, որ Սարգիս Թորոսյանը 3.1 մլն դրամ ուղղել է վարկերի մարմանը, իսկ 7 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը։




Լրահոս