Ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարեց, որ սառեցնում է աղմկահարույց նախագիծը, որով ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա մի շարք տնտեսվարողների տեսահսկման համակարգերին։
Հիշեցնենք, որ հունիսին ԱԺ-ն 67 կողմ, 21 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով։ Առաջարկվում է նաեւ շտապօգնության մեքենաների եւ ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների ու միկրոավտոբուսների ուղեւորասրահները եւս տեսահսկման համակարգերով ապահովել: Սահմանվում է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիներում առկա ցանցային համալրում, ինչը կնպաստի 24/7 ռեժիմով իրավիճակին տեղյակ լինելուն:
Ըստ նախագծի՝ ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել եւ ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:
Նախագծի համահեղինակներից է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվել է՝ ինչու է նախագիծը սառեցվել, արդյոք քննադատությունների մեծ ալիքն է պատճառը։ Վերջինս էլ նշեց, որ նախագծում փոփոխություններ պետք է արվեն։
«Մի քանի փոփոխություններ կարվեն, հետո կրկին շրջանառության մեջ կդնենք՝ կամ ես, կամ ՆԳՆ-ի հետ համատեղ։
Ըստ փոփոխությունների՝ առաջին փուլով կառավարության ենթակա մարմինների եւ համայնքային մարմինների տեսախցիկները կմիանան համակարգին, հետո նոր մասնավորը կմիանա։
Հրատապություն չկա, քանի որ օրենքը եթե ընդունենք էլ 1.5 տարի հետո նոր ուժի մեջ է մտնելու, մենք շտապելու բան չունենք, փոփոխությունները կարվեն, հետո ժամկետի մեջ օրենքն ուժի մեջ կմտնի», – ասաց Հայկ Սարգսյանը։
Ավելի վաղ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «…Նախագծերի մշակման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է ոլորտի միջազգային առաջավոր փորձի համակողմանի ուսումնասիրություն եւ վերլուծություն, քննարկվել եւ լուծումներ են առաջադրվել կարգավորումների ամբողջականությունն ապահովող բոլոր հնարավոր հարցերի, այդ թվում՝ մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության սահմանադրական երաշխիքների կապակցությամբ։ Վերջինիս համատեքստում ուսումնասիրության առարկա է դարձել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը վերաբերելի իրավակիրառ պրակտիկան…»:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ եւ խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել, հատկապես համայնքների խոշորացման հարցում։
Երեւանում տեղի ունեցած Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր դեռեւս լուծման փուլում են, եւ այս հարցերն անպայման պետք է ստանան պատասխաններ։
«Ուզում եմ գոհունակություն արտահայտել այն վճռականության առիթով, որը մենք ունեցել ենք, ցուցաբերել ենք եւ, իհարկե, ակնհայտորեն ունենք տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար», – ասաց վարչապետը՝ խոսելով համայնքների խոշորացման մասին։
Փաշինյանը կիսվեց իր մտավախություններով՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների իրադրության հետ։ Նա նշեց, որ չխոշորացվող համայնքների եւ խոշորացված համայնքների միջեւ ճեղքն այսօր արդեն նկատելի է, ինչը կարող է առաջացնել լարվածություն։
Վարչապետն ընդգծեց, որ սուբվենցիոն համակարգում որոշակի փոփոխություններ են եղել, որոնք պետք է թույլ տան մեծացնել ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները։
«Իմ մտավախությունն այն է, որ այդ միջոցներով էլ չենք կարողանալու այդ ճեղքը լրացնել, որովհետեւ այն շատ արագ տեմպերով մեծանում է։ Եվ քաղաքական լարվածությունն այն է, որ կարող է ինչ-որ պահի տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող համայնքների նկատմամբ կա խտրական վերաբերմունք, որովհետեւ այդ ճեղքը աչքի է զարնում հենց այսօր»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ այս հարցերը պետք է քննարկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի համապարփակ ու արդարացի լուծումներ լինեն։
Հայաստանում խոշորացման չեն ենթարկվել միայն ազգային փոքրամասնությամբ բնակեցված 5 գյուղեր՝ Արզնի, Վերին Դվին, Ֆերիկ, Ֆիոլետովո, Շամիրամ։