COP29-Ը ԳՈՐԾԻՔ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COP29-ի նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմակերպությունը գործում է Բաքվի կենտրոնում գտնվող 13 հարկանի բիզնես կենտրոնում: Շենքի բացման արարողությունը տեղի է ունեցել հունվարին՝ անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, ով հայտնի է, որպես բռնապետ: Այն գտնվում է 1840-ականներին համաշխարհային նավթարդյունաբերության ծննդավայր դարձած «Սեւ քաղաքում», որն այժմ արվեստի գործերով եւ գրասենյակային շենքերով լի տարածք է:

 

Պատահական չէ, որ Ալիեւի համար ռազմավարական նշանակություն ունեցող COP29-ի նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմակերպությունը գտնվում է հենց նավթարդյունաբերության ծննդավայր «Սեւ քաղաքում»:

Ինչո՞ւ պիտի Ադրբեջանի նման նավթային պետությունը, որի պետական եկամուտների երկու երրորդը ստացվում է նավթից եւ գազից, ցանկանա ընդունել կլիմայի շուրջ բանակցությունները:

COP29-ի նախապատրաստական աշխատանքները համակարգող կազմակերպության ղեկավար Էլնուր Սոլթանովը, ինչպես նշում է Global Witness-ը, պատասխանատու լինելով COP29-ի կազմակերպման համար, կարծես փորձում էր նավթային շուկայում նոր համաձայնություններ ձեռք բերել:

Նա նշել է, որ եթե կան առաջարկներ, որոնք նավթի եւ գազի կորպորացիաները կարող են սեղանին դնել՝ լուծելու համար կլիմայական ճգնաժամը, ապա դրանք ողջունելի կլինեն:

Այսպիսով՝ ողջունելի է նաեւ նավթային կազմակերպությունների մասնակցությունն ու հովանավորումը COP29-ի անցկացմանը, սակայն դրանք որոշիչ դեր ունենալ չեն կարող եւ չեն կարող իրենց «մասնավոր շահերը փնտրել» կամ «սեփական շահերը հետապնդել»:

Սոլթանովը նշել է, որ այս ընթացքում SOCAR-ը չի պատրաստվում բաժնետոմսեր վաճառել, սակայն դա «չի նշանակում, որ ներդրումների, SOCAR-ի հետ համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորություններ չկան»։ EC Capital-ը կարող է հատկապես հետաքրքրված լինել «կանաչ անցումային նախագծերով»:

Ուսումնասիրելով Global Witness-ի վերոնշյալ հոդվածը՝ հասկանալի է դառնում, որ Ադրբեջանը՝ նավթի եւ գազի շուկայում աճող արդյունաբերությամբ երկիրը, որեւէ կապ չունի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հետ: Ադրբեջանը հենց այն պետությունն է, որը, ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ռուսական գազից արեւմուտքի հրաժարվելուն պես, սկսեց վառելիք մատակարարել արեւմտյան պետություններին: Պետք է նշել նաեւ, որ Ադրբեջանը գազի գնման պայմանագիր կնքեց նաեւ Ռուսատանի Դաշնության հետ՝ բավարարելու ներքին պաշարները՝ մինչ կկարողանա ավելացնել արդյունաբերության ծավալները:

Հիմա հենց COP29-ն է, որ Ադրբեջանին, փաստորեն, հնարավորություն է տալիս նոր համաձայնություններ ձեռք բերել վառելիքի արդյունաբերության շուկայում:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ

Հայաստանը երկրորդ անգամ ռուսական կողմին է ուղարկել իր առաջարկությունները` երկրում ռուսական ալիքների հեռարձակումը կարգավորող միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են արվում ռուսական հեռուստաալիքների համաձայնագրի մասով։

Փաստաթուղթը ստորագրվել էր 2020 թվականին։ Համաձայնագրի նպատակն է երկու երկրի եթերներում բացառել այն հաղորդումները, որոնք կներկայացնեն միջամտություն ներքին գործերին, վիրավորանքներ մյուս երկրի եւ ժողովրդի հասցեին։

«Մենք 4 ամիս առաջ միջպետական համաձայնագրում փոփոխություններ անելու առաջարկներն ուղարկել ենք մեր ռուս գործընկերներին։ Արձագանք չենք ստացել, ու 1 ամիս առաջ նույնպես նույն առաջարկներն ուղարկել ենք։ Այժմ ակնկալում ենք, որ արձագանք կստանանք` հասկանալու մեր ռուս գործընկերների պատկերացումները, արդյոք հնարավոր են համարում այդ փոփոխությունները, թե ոչ», – նշեց Հայրապետյանը։

 

 

ՔՊ-Ն ՉԸՆԴՈՒՆԵՑ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը երեկ մերժեց ընդունել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը:

Նախագծով Հայաստանի խորհրդարանի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար։

Ընդդիմության հայտարարության նախագիծը չընդունվեց 30 կողմ եւ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հայտարարության նախագիծը նաեւ հորդորում էր Հայաստանի կառավարությանը ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդեց՝ Հայաստանի կառավարությունն ամեն օր է զբաղվում հայ գերիներին վերադարձնելու հարցով, ու քանի որ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը չի լուծում այդ խնդիրը, եւ իրենք չեն կարող սխալ գործիքներով խնդրին ճիշտ լուծում տալ, հետեւաբար իշխող խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։

 

 

ՍԱՏՄ-Ն ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ

Վարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար։

Այդ մասին տեղեկանում ենք Փաշինյանի որոշումից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Արմեն Ռաֆիկի Դանիելյանին 2024 թվականի նոյեմբերի 11-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-Ղ1-2) պաշտոնից»։

 




Լրահոս