2024 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:18-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքով, ընկերների ուղեկցությամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել է Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա երիտասարդ, ով նույն օրը՝ ժամը 23:45-ին, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի, այդ թվում՝ տուժածին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք հասցրած անձի ինքնությունը, ովքեր նույն բնակավայրի բնակիչներ են:
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարեւանությամբ երկու խմբերի միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված քննչական եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ս.Ս.-ն, անձնական հարցի վերաբերյալ համագյուղացու՝ Ս.Պ.-ի հետ պարզաբանումներ ստանալու եւ վրեժի շարժառիթով նրան պատժելու նպատակով, իր համախոհներին՝ նույն բնակավայրի վեց բնակիչներին եւ քննությամբ դեռեւս չպարզված անձանց հավաքել եւ տեղափոխել է Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, ժամանել է նաեւ կոնֆլիկտի մյուս կողմը, այդ թվում նաեւ՝ տուժող Դ.Պ.-ն:
Ս.Ս.-ն, առանց պարզաբանում կատարելու, մի խումբ անձանց հետ խմբի կազմում սպանություն կատարելու դիտավորությամբ միավորելով իրենց ջանքերը, հարձակվել են Ս.Պ.-ի, Դ.Պ.-ի եւ վերջիններիս հետ նշված վայր ժամանած անձանց վրա, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել վերջիններիս: Այդ ընթացքում Ա.Գ.-ն, դրսեւորելով առավել ակտիվ եւ ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցնել գետնին ընկած Դ.Պ.-ի կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի մյուս անդամները շարունակել են հարվածել Դ.Պ.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական անհրաժեշտ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաեւ դատաբժշկական փորձաքննությունն եր:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ Գ.Յ.-ն, հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 8-րդ կետերով: Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ քննիչի միջնորդությունը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, արարքներն անհատականացնելու, իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ք. Մ.
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ՝ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ
Գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 28 հազար 269 դեպք։
Կատարված հանցագործություններից 13 հազար 816 դեպքը գրանցվել է որպես ոչ մեծ ծանրության, իսկ 9 հազար 206 դեպքը՝ միջին ծանրության, 3 հազար 822 դեպքը՝ ծանր, իսկ 1 հազար 425 դեպքը՝ առանձնապես ծանր։
Հանցագործությունների ընդհանուր քանակից կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ 90 դեպք։ Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները կազմել է 5 հազար 428 դեպք։
Գրանցված հանցագործությունների քանակը՝ ըստ ծանրության եւ ըստ ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ունեցել է հետեւյալ պատկերը
Երեւան՝ 12 319
Արագածոտն՝ 992
Արարատ՝ 1 974
Արմավիր՝ 2 439
Գեղարքունիք՝ 1 138
Լոռի՝ 2 038
Կոտայք՝ 2 456
Շիրակ՝ 2 096
Սյունիք՝ 1 267
Վայոց Ձոր՝ 4 27
Տավուշ՝ 1 123
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ