Տավուշի մարզի անտառներում գայլերը բազմացել, ագրեսիվացել են։ Վերջին տարիներին որսորդները գայլեր չեն որսում։ Գայլերի որս չի կատարվում, որովհետեւ գայլի միսն ուտելի չէ, որսորդներն էլ թանկ գնդակները խնայում են։ Տավուշի անտառամերձ գյուղերի ծայրերին, հատկապես մութ ժամանակ գայլերը ոչնչացնում են առանց հսկողության մնացած ոչխարներ, խոզեր, ձիեր, ավանակներ։ Գայլերը շատ խելացի, սրատես գիշատիչներ են։ Նրանք ոհմակով հարձակվում են Տավուշի մարզի անտառներում, դրանց բացատներում տարվա բոլոր եղանակներին արածող ձիերի երամակների վրա։ Այդ երամակները, սովորաբար, առանց ձիապանի են լինում, երամակը գայլերից պաշտպանում է երամակի արու ձին՝ հովատակը, որն աքացու ուժեղ հարվածներ է հասցնում գայլերին։ Վերջերս սարում կովեր պահող մեկը տեսել է, թե ինչպես 12 գայլից բաղկացած ոհմակը շրջապատել ու քշում է երամակը, որպեսզի ձիերին գցի դարավանդից կամ իրենց համար հարմար տեղում ուրիշ կերպ շփոթեցնելով ձիերին՝ հարձակվի երամակի վրա։ Որսորդական հրացանով զինված նախրաւանը կրակելով երամակը ազատել է գայլերի շրջապատումից։
ԿԻՐԱՆՑԻ ԴՊՐՈՑԸ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՉԴԱՐՁԱՎ
2022թ.-ից կառուցվում էր Կիրանցի դպրոցի նոր շենքը։ Այն ժամանակ նախատեսվում, հայտարարվում էր, որ դպրոցի նոր շենքի գործարկումից հետո Կիրանցի հիմնական դպրոցը դառնալու է միջնակարգ, այլեւս Կիրանց գյուղի բարձր դասարանցիները ամեն օր Ներքին Ծաղկավան չեն գնա, որ տեղի միջնակարգ դպրոցում սովորեն։ Ավելին` նախատեսվում էր, որ Կիրանցի նորակառույց, միջնակարգ դարձած դպրոցում կսովորեն նաեւ հարեւան Աճարկուտ գյուղի բարձր դասարանցիները, ովքեր Աճարկուտի հիմնական դպրոցն ավարտելուց հետո միջնակարգ կրթություն են ստանում Ներքին Ծաղկավանի եւ Սարիգյուղի դպրոցներում։ Սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանցի նորակառույց դպրոցը հայտնվեց նոր սահման հանդիսացող պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին Կիրանցի դպրոցի նոր շենքը գործարկվեց։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք՝ Կիրանցի հիմնական դպրոցը ե՞րբ է ստանալու միջնակարգի կարգավիճակ։ Մարզպետարանից պատասխանել են. «Կիրանցի հիմնական դպրոցը միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալու հարցում հստակ ժամանակ չենք կարող նշել»։
Ոսկան Սարգսյան
Տավուշ