Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց շանսոնյեին նվիրված La Boheme խորագրով ցուցահանդեսը։
Ցուցադրության մեջ տեղ են գտել հարյուր հայ նկարչի հարյուր ստեղծագործություններ՝ ոգեշնչված երգչի «Լա բոհեմ» ստեղծագործությունից։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ե՞րբ է թույլատրվում փոփոխել աշխատանքի էական պայմանները:
Մարինե Նիկողոսյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքի վայրի, աշխատանքի վարձատրության չափի եւ (կամ) այն որոշելու ձեւի, արտոնությունների, աշխատաժամանակի (աշխատանքի եւ հանգստի) ռեժիմի, տարակարգերի եւ պաշտոնների անվանումների, աշխատանքային պայմանագրի տեսակի եւ (կամ) գործատուի փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները: Փոփոխելու դեպքում գործատուն պետք է գրավոր ծանուցի մինչեւ 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելիս մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Համաձայնության դեպքում մյուս կողմը 7 օրվա ընթացքում պետք է ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին, որից հետո կնքվում է գրավոր համաձայնագիր:
ԿԱՐԳ
Ինչպե՞ս եւ ի՞նչ ընթացակարգով է իրականացվում դատապարտյալներին ներում շնորհելու գործընթացը:
Հակոբ Միքայելյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սահմանադրության 135-րդ հոդվածով սահմանվում է, որ Հանրապետության նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: «Ներման մասին» ՀՀ օրենքին համաձայն՝ Հանրապետության նախագահը սահմանադրորեն ամրագրված իր լիազորությունն իրականացնում է միայն ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին վարչապետի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա, որին կցվում է նաեւ ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը եւ Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում):
Ներման խնդրագիր ներակայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ՝ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ եւ ներկայացնում վարչապետին: Վարչապետը, դատապարտյալի վերաբերյալ ստացված անձնական գործն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
ՀՀ նախագահի աշխատակազմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը եւ Հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում): Վերոշարադրյալ առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահն ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին: