Շրջանառության մեջ է դրվել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, ով նախագծի համահեղինակներից է։
-Պարո՛ն Գաբրիելյան, շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով պարտադիր է դառնում, որ քննչական կոմիտեի նախագիծը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, պետական եկամուտների կոմիտեի նախագահը եւ եւս մի շարք պաշտոնյաներ ամեն տարի՝ մինչեւ ապրիլ, գան Ազգային ժողով եւ իրենց ղեկավարած գերատեսչության նախորդ տարվա աշխատանքները ամփոփող զեկույց ներկայացնեն. քանի որ Դուք նույնպես նախագծի համահեղինակ եք, հետաքրքիր է հասկանալ, թե որն է եղել նախագծի բուն նպատակը: Հատկապես Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո այս նախագիծը մի փոքր այլ կերպ է դիտվում: Ստացվում է, որ Ազգային ժողովը փորձում է «հաշվետու դարձնել» քննչական կոմիտեին եւ մյուս կառույցներին:
-Զուտ ժամանակագրորեն այդպես չէ իրավիճակը: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել մինչեւ վերոնշյալ միջադեպը, ինչը նշանակում է, որ դրա հետ կապ չունի, քանի որ կանխատեսել, որ նման միջադեպ կլինի, նույնիսկ անիմաստ է քննարկել: Մի շտկում եւս՝ բոլոր զեկույցները ապրիլին չեն, դրանք տարբեր ժամկետներում են նախատեսված: Խնդիրն այն է, որ մենք կարծում ենք, թե այսօր մի շարք ոլորտներում, որոնք, ըստ էության, մեր նախագծում իրենց կառույցների տեսքով արտացոլված են, աշխատում են հանրության լայն շրջանակների հետ: Կան հանրության կողմից բարձրաձայնվող բազմաթիվ հարցեր, խնդիրներ, դժգոհություններ եւ, որպես խորհրդարանական երկիր, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի այդ կառույցների ղեկավարները տարեկան մեկ անգամ, ինչպես գլխավոր դատախազն է գալիս, գան ու զեկույցով ներկայանան՝ իրենց ղեկավարած գերատեսչության նախորդ տարվա գործունեությունը ամփոփ ներկայացնելու:
Պետք է, օրինակ, գան քննչական կոմիտեի ղեկավարը, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, պետական եկամուտների կոմիտեի նախագահը եւ ինքնավար մարմինները, ինչպիսին են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Սրանք այն մարմիններն են, որոնցից առնվազն վերջին թվարկվածների ղեկավարներին մենք ենք ընտրում: Հետեւաբար, կարծում ենք, որ տարին առնվազն մեկ անգամ պետք է գան Ազգային ժողով եւ ամփոփ ներկայացնեն նախորդ տարին, պատասխանեն պատգամավորների հարցերին, լսեն առաջարկություններ, այդ թվում՝ քաղաքացիների կողմից:
-Փաստորեն, հաշվետու են լինելու Խարհրդարանին: Արդյոք այսպես Ազգային ժողովը միջամտած չի՞ լինում մարմինների գործունեությանը:
-Եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը, այսպես թե այնպես, գրավոր ձեւով ամփոփ հաշվետվություն են ներկայացնում մարմիններին տարեկան աշխատանքների վերաբերյալ: Մենք այս նախագծով պարզապես արարողակարգային փոփոխություն ենք անում: Կարծում եմ, որ այդ ձեւաչափում որեւէ խնդիր չկա, եւ շատ ուրախ եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես կողմ քվեարկեցին նախագծին:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՈՐՏԵ՞Ղ Է ՆՈՐ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, կայանալու է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 13 հարց։
13 հարցերից զեկուցվող են ընդամենը 4-ը։ Նշենք, որ վերջին շրջանում կառավարության հարցերի մեծամասնությունը չզեկուցվող են։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը գրությամբ ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել Գյուլագարակ համայնքի ավագանու՝ 21.05.2024թ. թիվ 50-Ա որոշումը եւ 13.09.2024թ. թիվ 91-Ա որոշումը՝ համաձայն որոնց առաջարկվում է ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականություն հանդիսացող Գարգառ Կենտրոնական փողոց 50/1 հասցեում գտնվող 0.11977 հեկտար մակերեսով հողամասը եւ մարզ Լոռի, համայնք Գյուլագարակ գյուղ Գարգառ Կենտրոնական փողոց 50 հասցեում գտնվող 178.99 քառ. մետր մակերեսով մանկապարտեզի շենքը, ինչպես նաեւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.05688 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։
Ըստ կառավարության որոշման՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական տարածքում կառուցվելու է կրթահամալիր նվիրաբերվող հողամասի տեղում։
Այս ամենի մասին զեկուցելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԻՆՉ ՊԱՇՏՈՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԱՏՄ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
Արմեն Դանիելյանը, ազատվելով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից, նշանակվեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Դանիելյանը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»: «Փաստը» գրել էր, որ Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար դառնալու ցանկություն է ունեցել դեռեւս 2022 թվականին, երբ ակտիվորեն աշխատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի դեմ, սակայն Նիկոլ Փաշինյանը նրա թեկնածությունը չի հաստատել: Այժմ արդեն, կարծես, իրավիճակ է փոխվել…
Արմեն Դանիելյանը եղել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ դեռ հեղափոխությունից հետո։
2024 թվականի տարեսկզբին Դանիելյանը կատարում էր սպանդանոցային ապահովման աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները։ Դեռ այս ոլորտն ամողջովին չհամակարգած՝ Արմեն Դանիելյանը դարձավ ՍԱՏՄ ղեկավար։
Համաձայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը նախկին պաշտոնում հայտարարագրել է մեկ անշարժ գույք, որը ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Տրանսպորտային որեւէ միջոց Դանիելյանը չի հայտարարագրել։
Արմեն Դանիելյանը, 2023 թվականի հայտարարագրի համաձայն, վարչապետի աշխատակազմից ստացել է 11 մլն 611 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Դանիելյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 600 հազար դրամ։ Դանիելյանի կողմից շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը կազմել է 4 մլն 800 հազար դրամ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ