Պետական բյուջեի միջոցներով դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման շինարարական աշխատանքները հնարավոր կլինի մեկնարկել ավելի սեղմ ժամկետում։ Այդ նպատակով քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-ն որոշման մեջ։
ՀՀ կառավարության 2024թ. հոկտեմբերի 31-ի 1729-Ն որոշմամբ՝ նախ հստակեցվում է ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննությունների իրականացման հաջորդականությունը՝ բացառություն սահմանելով դպրոցների եւ մանկապարտեզների համար։ Այսպիսով՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետք է նախորդի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությանը։ Սակայն դպրոցի կամ մանկապարտեզի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորորգման ծրագրերի դեպքում հնարավորություն է ստեղծվում նշված փորձաքննություններն իրականացնել զուգահեռ եւ քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը տրամադրել նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը:
Քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացության հիման վրա համայնքների ղեկավարների որոշմամբ կառուցապատողին կտրամադրվի շինարարության թույլտվություն՝ պայմանով, որ այն ուժի մեջ կմտնի միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացության տրամադրմանը հաջորդող օրվանից։
«IV ռիսկայնության աստիճանի օբյեկտների դեպքում քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունը տեւում է 3 եւ ավելի ամիս, ինչը պայմանավորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման ժամկետով, իսկ շինթույլտվության տրամադրման համար սահմանված է 15-օրյա ժամկետ, սակայն գործնականում ավելի երկար է տեւում։ Մինչդեռ դպրոցների եւ մանկապարտեզների դեպքում գործընթացները զուգահեռաբար իրականացնելով՝ ակնկալում ենք, որ կկրճատվի փաստաթղթային փաթեթների շրջանառության, ամփոփման համար ծախսվող ժամանակը։ Հետեւաբար շինարարական աշխատանքները մոտ 1-2 ամիս ավելի շուտ կմեկնարկեն։ Արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու կառավարության ծրագրի ժամանակին իրագործման համար»,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության խորհրդական Անդրանիկ Մուրադյանը։
Այն դեպքերում, սակայն, երբ համայնքի ղեկավարի որոշումից հետո 6 ամսվա ընթացքում չներկայացվի նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացություն, Քաղաքաշինության կոմիտեն եւ համայնքի ղեկավարը անվավեր կճանաչեն համապատասխանաբար՝ ճարտարապետաշինարարական նախագծի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը եւ շինարարության թույլտվությունը։
Քաղաքաշինության կոմիտե
ԿԻՐԱՆՑԻ ՑՈՒՑԱՆԱԿԸ ՉԻ ՎԵՐԱՏԵՂԱԴՐՎԵԼ
Հոկտեմբերի 21-ին հայտնել էինք, որ Իջեւանի Աչաջուր գյուղից մի երիտասարդ, Աչաջուր եւ Կիրանց գյուղերում տեղադրել է բնակավայրերի անունների գրառումներով «սիրո խոստովանության (Ես սիրում եմ Կիրանցը…)» ցուցանակներ։ Կիրանցում սահման հանդիսացող պատի դիմաց զետեղված ցուցանակը, երկու շաբաթ տեղադրված մնալուց հետո, պետական իշխանության պահանջով հանվել է այն պատճառաբանությամբ, որ այն անօրինական է տեղադրված։ Աչաջուր գյուղում տեղադրված ցուցանակը եւս հանվել է, որպեսզի Կիրանցում ցուցանակի հանվելը աչք չծակի։ Կիրանց գյուղի մեր աղբյուրները հայտնում են, որ Կիրանցում ցուցանակ-գրառումը հանվել է ադրբեջանական կողմի պահանջով, քանզի ցուցանակը ադրբեջանցիներին տեսանելի է` Կիրանցի տարածքները հանձնելուց հետո նոր ձեւավորված սահմանագծից։ Ցուցանակի հանվելուց անցել է ավելի քան 20 օր, սակայն այն Կիրանցում չի վերատեղադրվել։
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՄԵՆ ՏԱՐԻ ՆՎԱԶՈՒՄ Է
Ծնելիության նվազման, շարունակվող արտագաղթի հետեւանքով Տավուշի մարզի բնակչությունը շարունակում է նվազել։ Դրանով պայմանավորված` նվազում է նաեւ մարզի հանրակրթական աշակերտների, դպրոցների շրջանավարտների թիվը։ Տավուշի մարզպետարանիից հայտնել են, որ 2021-2022 ուստարում մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 1124, 2022-2023 ուստարում՝ 1040, 2023-2024 ուստարում՝ 984: Վերջին 2 տարում մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով։
ԻՆՉԵ՞Ր Է ԹԱՔՑՆՈՒՄ ՔԱՎՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ
Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել` մասնավորապես հարցնելով. «2024 թվականի անցած ժամանակահատվածում Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան քաղաքներում քանի՞ անգամ եք քաղաքացիների ընդունելություն կատարել, ո՞ր օրը, ո՞ր քաղաքում, ամեն ընդունելությանը քանի՞ քաղաքացու եք ընդունել։ Տավուշի մարզի պետական բժշկական հիմնարկներում ներկայումս բժշկի քանի՞ թափուր հաստիք կա, այդ բուժհիմնարկներում ընդհանուր առմամբ քանի՞ կենսաթոշակառու բժիշկ է աշխատում։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են. «Այդ հարցերի վերաբերյալ Ձեզ նախկինում պատասխանվել է»: Ակնհայտ սուտ պատասխան է. նախկինում այդ հարցերին մարզպետարանը չի պատասխանել։ Կարող ենք կռահել, թե ինչու մարզպետը քաղաքացիների ընդունելության մասին հարցին չի պատասխանել։ Չի պատասխանել, որովհետեւ նա այս տարի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան քաղաքներում քաղաքացիների ընդունելություն ընդհանրապես չի կատարել։ Մարզի պետական բժշկական հիմնարկներում բժիշկների թափուր հաստիքների, կենսաթոշոկառու բժիշկների թվի մասին տեղեկատվությունը թաքցնելու իմաստը ո՞րն է։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ