ՔՊ-Ն ԱՄԵՆ ԿԵՐՊ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ԳՅՈՒՄՐՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նոյեմբերի 12-ի նիստում մի նոր սկանդալ է գրանցվել:

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ  Փաշինյանը անակնկալ կերպով վարչության նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել։

Այս նիստից ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը եւ նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգեւ Գեւորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաեւ Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, եւ նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից:

Բայց շարունակենք ՔՊ վարչության ուշագրավ նիստի մանրամասները: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Փաշինյանն ինչ-որ օղակներով տեղեկություն է ստացել, որ Կարեն Սարուխանյանը եւս ինչ-ինչ առնչություն ունի թմրանյութերի հետ, դրա համար որոշել է անակնկալ կերպով, իր վստահելի մարդկանց միջոցով ճշտել իրականությունը:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրներն են փոխանցում՝ Սարուխանյանը բժշկի ու անվտանգության աշխատակցի հետ գնացել է, եւ ներկաներն այդպես էլ չեն իմացել, թե ինչ արդյունք է գրանցվել՝ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր, թե ոչ: Միայն հայտնի է, որ ՔՊ-ն ջանքեր է գործադրում՝ Գյումրիում ընտրությունները հետաձգելու ուղղությամբ:

 

 

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան շարժմանը»՝ ասելով. «Ամեն շարժվող  բան չէ, որ շարժում է», «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել: Համաձայն 2023 թվականի նրա հայտարարագրի՝ Արուսյակ Ջուլհակյանի հետ համատեղ բնակվում են 2 անձինք, որոնք աշխատում են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դասախոս եւ լաբորատորիայի վարիչ, վերջիններս ՔՊ-ական պատգամավորի ծնողներն են։ Պատգամավորը անշարժ գույք եւ տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Սակայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Ջուլհակյանն ունի հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 25 մլն 933 հազար դրամ: Բնակարանը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց փողոցում, որի մայր գումարը մարելու համար ՔՊ-ական պատգամավորը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 71 հազար դրամ։ Ջուլհակյանի պարտքային եւ այլ արժեթղթերը կազմել են 20 մլն 10 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 9 հազար ԱՄՆ դոլարից դարձել են 7 հազար դրամ, այն դեպքում, երբ պատգամավորը որեւէ ծախս սեփական հայտարարագրում չի ներկայացրել։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Անդրանիկ Քոչարյանը կրկին «կանչվել» է նոյեմբերի 12-ի ՔՊ վարչության նիստին՝ բացատրություններ տալու իր հրահրած ներքին խարդավանքների համար: Թեեւ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, հերքում կամ կիսատ, վախվորած ձեւակերպումներով են հաստատում իրենց ներթիմային տարաձայնությունների մասին, այնուամենայնիվ, դրանք ավելի են խորանում, եւ «ծեր աղվես» որակմանն արժանացած տարեց ՔՊ-ական բեղերով պատգամավորը շարունակում է ինտրիգներ հյուսել թիմի ներսում: «Ժողովուրդ» օրաթերթն իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ վարչության վերջին նիստի ընթացքում ՔՊ վերնախավը փորձել է պարզաբանել, թե Անդրանիկ Քոչարյանն ինչու է վատաբանում Հրաչյա Հակոբյանին (վարչապետի աներորդուն), Սիսակ Գաբրիելյանին եւ այդ թեւի մյուս ներկայացուցիչներին՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ եւ՛ Հրաչյա Հակոբյանը եւ՛ Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Անդրանիկ Քոչարյանը պետք է ապացուցի իր ասածները, կա՛մ պետք է պաշտոնազրկվի: Ու քանի դեռ երկուսից որեւէ մեկը տեղի չի ունեցել, Գյումրու ընտրությունների կազմակերպչական ու ՔՊ թեկնածու Կարեն Սարուխանյանի՝ թմրանյութի թեստ հանձնելու հրահանգից զատ՝ քննարկվել է նաեւ Անդրանիկ Քոչարյանի ոչ թիմային վարքագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որպեսզի կողմնապահություն չդիտվի, վարչությունն այդ օրը դիրքորոշում չի հայտնել, այլ Նիկոլ Փաշինյանը փորձել է «խրատել» կողմերին եւ «ամոթանք տալ» անպատասխանատու պահվածքի, հայտարարությունների համար, եւ հարցը էլի մնացել է առկախված: Այնպես որ, հայտարարված «հրադադար»-ը դեռ վերջնական չէ. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում: Նկատենք, որ 2021 թվականից ՔՊ-ական դարձած Քոչարյանին պաշտպանողների թիվը կուսակցությունում, խմբակցությունում օր օրի պակասում է:

 

 

 

Հեղափոխական իշխանիկները շարունակում են «նախկինների» գործողությունները. անգամ մանկապարտեզների սաների համար նախատեսված նվերների ձեւն ու որակը չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը 2 մլն դրամ հատկացրել էր Աջափնյակ եւ 5 մլն դրամ էլ՝ Արաբկիր վարչական շրջանների ամանորյա միջոցառումների համար։ Բացի այդ, քաղաքապետարանը Տարոն Մաթեւոսյան ԱՁ-ի հետ թվով 5 պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 18 մլն դրամ, եւ ձեռք են բերվել ամանորյա քաղցրավենիքի նվեր փաթեթներ։ Նվեր փաթեթները գնվել են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջանների երեխաների համար։ Նվեր փաթեթի պարունակությունը, համաձայն տեխնիկական բնութագրի, հետեւյալն է. «2 ուղղանկյունաձեւ շոկոլադե սալիկ, 1 տուփ կարամել՝ սառնաշաքարային՝ ամանորյա թեմատիկ պատկերով, 3 մրգային կարամել ձողիկի վրա, 1 տուփ թխվածքաբլիթ՝ փխրուն կամ բիսկվիթային…» եւ նմանատիպ այլ քաղցրավենիքներ։ Պարունակությունից հասկանում ենք, որ սրանք մեզ դեռ նախորդ դարից հայտնի «կուլոկներն» են։ Այսինքն՝ հին ու բարի ժամանակներից նույն պարունակությամբ քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ: Տեղեկացնենք, որ մանկական՝ «ձմեռ պապի տոպրակները» սովորաբար էժանագին քաղցրավենիք են պարունակում, որոնք չեն փոխվի նաեւ այս տարի:

 

 




Լրահոս