Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը «Հայացք»-ին հայտնել էր, որ կոնկրետ, բայց դեռեւս ճշտվող տեղեկություն ունեն այն մասին, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատվել է այն պատճառով, որ «Հայռուսգազարդ»-ում աշխատելու ընթացքում մեծ գումարներ է շորթել, ինչի համար ռուսները նրան չեն ներել: Խաչատրյանը չէր բացառել, որ Կարեն Կարապետյանի դեմ քրեական գործ կհարուցվի:
Երեկ, այդ հայտարարության հետ կապված, «Հայռուսգազարդ»-ի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ժողովուրդ»-ին ասաց. ««Հայռուսգազարդ» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պարտադիր կերպով աուդիտորական ստուգում է անցնում աշխարհի խոշորագույն հաշվապահական եւ աուդիտորական ընկերությունների քառյակի կողմից, որոնք հավաստում են ֆինանսատնտեսական հաշվետվությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ ընկերության ֆինանսատնտեսական հաշվետվությունները համապատասխանաբար ներկայացվում են «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերին»:
Շ. Սարդարյանը Վահագն Խաչատրյանի հայտարարությունը որակեց հերյուրանք եւ ավելացրեց. «Ինչ վերաբերում վերջինիս կողմից արված «ռուսները չեն ներել» արտահայտությանը, ապա հատուկ Վ.Խաչատրյանի համար ընդգծենք, որ Կարեն Կարապետյանը ռուսական կողմի առաջարկությամբ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնի կնշանակվի ՌԴ գազաէներգետիկ համակարգում»:
Այլ աղբյուրներից էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կարեն Կարապետյանն առաջիկայում կնշանակվի կա՛մ «Գազպրոմ»-ի ենթակայության տակ գործող «Մեժռեգիոնգազ»-ում, կա՛մ հենց «Գազպրոմ»-ում` որպես ԱՊՀ երկրների գծով փոխտնօրեն: Սակայն լուրը պաշտոնապես ճշտել չհաջողվեց:
Երեկ զրուցեցինք նաեւ սկանդալային հայտարարության հեղինակ Վահագն Խաչատրյանի հետ` նրան փոխանցելով Շ.Սարդարյանի խոսքերը, թե այդ ամենը հերյուրանք է: «Տեղեկություններ ունենք, ճշտում ենք, առայժմ ասելու ոչինչ չունեմ: Իրենք շատ բաներ են հերքել, բայց հետո ուրիշ բան է եղել, ի՞նչ ասեմ, սպասենք»,- ասաց նախկին քաղաքապետը:
Հիշեցնենք, որ երբ «Ժողովուրդ»-ը հարց էր ուղղել նույն Շուշան Սարդարյանին` Կարեն Կարապետյանի` Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալու մասին, նա հերքել էր: Բայց հենց հաջորդ օրը հաստատվեց, իսկ մի քանի օր անց Կարեն Կարապետյանը հեռացավ Հայաստանից: Այնպես որ, ճիշտ է նկատում պարոն Խաչատրյանը, երբ ասում է, որ շատ բաներ են սկզբում հերքվել, որոնք հետո դարձել են իրականություն:
ԳՈՐԾԻՑ ՔՐԳՈՐԾ ՄԵԿ ՔԱՅԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. Գ.