2025 թվականի հունվար ամսից հասարակական տրանսպորտը Հայաստանում թանկանալու է այնքան, որ, օրինակ Մոսկվայում, Պրահայում կամ Թբիլիսիում այն ավելի մատչելի է լինելու։
Հասարակության մեծ մասը, ովքեր օգտվում են տրանսպորտից, ոչ միանշանակ գոհունակություն են հայտնել տրանսպորտային համակարգում փոփոխությունների վերաբերյալ։
Տարբեր հասարակական կամ քաղաքական գործիչներ ակցիաներ, ստորագրահավաքներ են կազմակերպում տրանսպորտի թանկացումների դեմ։
Օրինակ՝ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ ակցիաներ եւ ստորագրահավաք է սկսել Երեւանի փողոցներում։
Նշենք, որ անցած շաբաթվանից սկսած Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես տրանսպորտային թանկացումների դեմ ստորագրահավաք է անցկացնում։
Տարբեր անձինք զուգահեռներ են տանում այս երկու ստորագրահավաքների միջեւ եւ նշում, որ մեկը մյուսին կրկնօրինակում է։
ArmLur.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։
-Պարո՛ն Սուքիասյան, երեկվանից տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ եւ ստորագրահավաք եք իրականացնում, սակայն կա կարծիք՝ անգամ համացանցում տարածվող, որ այդ ամենը սկսել եք անել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանից հետո։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Երբ մենք սեպտեմբեր ամսին հանրությանը տարբեր վարչական շրջաններում իրազեկում էինք տրանսպորտի թանկացման վերաբերյալ, մեր ֆեյսբուքյան էջերով էինք տարածում սպասվող թանկացումների մասին, ասում էինք, որ դուրս ենք գալու պայքարի. համացանցի օգտատերերի եւ մեդիաների մի զգալի մասի կողմից դա մատնվում էր անտարբերության։ Հետեւաբար, մեր նախկին գործողություններին անտարբեր մարդիկ, երեւի, տեղին չէ, որ գնահատական տան։ Մեր ստորագրահավաքը տարբերվում է Հայկ Մարությանի ստորագրահավաքից։
-Ինչո՞վ է տարբերվում Հայկ Մարությանի ստորագրահավաքից։
-Երեւանի քաղաքացիների, ընտրողների 1 տոկոսի ստորագրության արդյունքում «Մայր Հայաստան»-ի՝ տրանսպորտի սակագնային նախագիծը վերստին մտնելու է ավագանու օրակարգ։ Այսինքն՝ իրավական, հրապարակային, շատ ուղղակի հանգուցալուծում է ստանալու, եւ քաղաքացիները նորից տեսնելու են ավագանու նիստի ժամանակ գործող սակագները՝ իշխանությունների կողմից առաջարկված եւ «Մայր Հայաստան»-ի կողմից առաջարկված: Ընդ որում՝ վեր հանելով ողջ «պերճանքն ու թշվառությունը», որը առկա է այս պահին «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ում։
-Ի՞նչ եք կարծում, պարո՛ն Սուքիասյան, հավաքված ստորագրությունները ինչ-որ բան կարո՞ղ են փոխել։
-Մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի մարդիկ քաջատեղյակ լինեն, քանի որ ստորագրահավաքի ժամանակ համոզվում ենք, որ շատերը տեղյակ չեն, եւ փորձում ենք գեներացնել հանրային տրամադրություն, որպեսզի հնարավոր լինի ազդել քաղաքի՝ այս պահին դեռեւս գործող իշխանությունների վարքագծի ու մտադրությունների վրա, որոնք, այսպես ասենք, կոռուպցիոն հետագիծը շարունակել են:
Խնդիրը առավելապես «ստվերի» մեջ է. «ստվերը» Երեւանի տրանսպորտային համակարգում չափազանց մեծ թիվ է կազմում: Քաղաքացիների վճարած ուղեվարձից օրական մոտ 80.000 դոլար՝ չգիտես ում գրպանն է մտնում։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Նա վարչական դատարանից պահանջում է 13.09.2024թ. թիվ 820-Ա որոշումն անվավեր ճանաչել, հայցվորի խախտված իրավունքները վերականգնել, հոգուտ հայցվորի՝ վերջինիս միջին աշխատավարձի գումարը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժանանակահատվածի համար՝ սկսած 13.09.2024 թվականից, բռնագանձելու եւ վերջինիս ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերականգնել, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում նշանակելու այլ համարժեք աշխատանքի, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հոգուտ հայցվորի միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար՝ որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Իգոր Սարգսյանը վարչապետի՝ սեպտեմբերի 11-ի որոշմամբ էր վերականգնվել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՐԵՏԱ ԹՈՒՆԲԵՐԳԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ
Ինչո՞ւ ես չեմ մասնակցում COP29-ին։ Մեր օրակարգը (կլիմայական արդարության սկզբունքների պաշտպանություն) հակասում է COP29-ի օրակարգին, որն անցկացվում է Ադրբեջանում։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը։
«Այդ ռեպրեսիվ երկիրը ցանկանում է ավելացնել օգտակար հանածոների արդյունահանումը, նա պատասխանատու է էթնիկ զտման համար։ Զզվանք են առաջացնում կեղծավորությունն ու երկերեսանիությունը, որ այդ ամենի ֆոնին COP29-ն ացկացվում է այդ երկրում։
Ադրբեջանին հաջողվում է ոչ միայն կատարել այդ հանցագործությունները եւ պատիժ չկրել, այլեւ նրան հարթակ են տրամադրում այդ ահավոր հանցագործությունները, էթնիկ զտումները լեգիտիմացնելու եւ «կանաչ լվացման» համար։ Աշխարհը լռում է եւ նրան տալիս այդ հնարավորությունները եւ լռություն է պահպանում… Ադրբեջանցի ակտիվիստները ապրում են ասես բանտում, քանի որ զրկված են մարդու իրավունքներից։
Էթնիկ զտումները, որոնց համար պատասխանատու է Ադրբեջանը, զրկանքներն ու տառապանքները, որոնք զգացել են բազմաթիվ հայեր Ադրբեջանի նոր ագրեսիայի հետեւանքով, այն կտտանքները եւ բռնի տեղահանումը, գերեվարությունները, պատանդառությունը, ֆիզիկական եւ հոգեբանական գազանությունները, որոնց միջով անցել են մարդիկ, կտրականապես անընդունելի են…»,- ավելացրել է Թունբերգը։