ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲՈՐ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության յուրացման գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավորի եղբոր կալանքը դատարանը 1 ամսով երկարաձգել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանը նախաքննական մարմնին հայտնել է, որ հիմնավոր կասկածը թույլ է, եւ հիմնավորման համար ուժեղ հիմքեր են պետք:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մեկը մյուսի հետեւից երկարեցնում է իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երեւում:

Դատարանը 2 ամսով երկարեցրել է արցախցի Արմեն Մնացականյանի կալանքի ժամկետը։

Փաստաբան Ռոման Երիցյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դատարանը հայցը մասնակի է բավարարել ու թույլ է տվել, որ միայն մերձավոր հարազատները տեսակցեն Արմեն Մնացականյանին։ Մյուսների համար տեսակցությունները փակ են:

Օրեր առաջ հայտնել էինք. Նոյեմբերի 12-ին ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետի հարցն է քննվելու դատարանում: Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ դարձյալ կալանքի ժամկետը երկարեցնելու համար:

Մնում է՝ դատարանը որոշում կայացնի. կա՛մ նրա կալանքի ժամկետը երկարեցնում է, կա՛մ ազատ արձակում ԱԱԾ մեկուսարանից:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար:

Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

«ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ». ԿԱԽԱ ԿԱԼԱՁԵ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնիսկ եթե նրան ներում շնորհի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քանի որ Սաակաշվիլիի դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Որքան գիտեմ՝ Սաակաշվիլիի դեմ այլ կարեւոր գործեր են քննվում, եւ նախագահի ներումը կորցնում է իմաստն այն տեսաանկյունից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարեւոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։

Սաակաշվիլին, որը ներկայում Ուկրաինայի քաղաքացի է, լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել: Դրանցից երկուսով նախկին նախագահը հեռակա կարգով դատապարտվել է երեք տարվա եւ լրացուցիչ վեց տարվա ազատազրկման։

 

 

ԼԱՎՐՈՎԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ին կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. միջոցառման շրջանակներում նա մի շարք հանդիպումներ է պլանավորել: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Լավրովը ելույթ կունենա լիագումար նիստում եւ մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։

Զախարովան նշել է, որ առաջնորդների հանդիպումը կբացվի սովի եւ աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքի մեկնարկով։

 

 

ԹՐԱՄՓԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԳՆԱՑ ԿՆՇԱՆԱԿԻ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը շուտով Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի, որը բանակցություններ կվարի հակամարտությունը դադարեցնելու համար:

Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Դուք կտեսնեք բարձրաստիճան հատուկ բանագնացին, ով վայելում է մեծ հեղինակություն, ում հանձնարարված է լինելու Ուկրաինայում հասնել խաղաղ կարգավորման», – նշել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը:

Ըստ աղբյուրի՝  հատուկ բանագնացը շուտով կնշանակվի։

 




Լրահոս