Աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք, պատմական իրադարձությունները խեղաթյուրելով, նպատակաուղղված են միջազգային հանրության աչքին այլակերպել հայկականը։
Սփյուռքի հետ աշխատանքի Ադրբեջանի պետական կոմիտեի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում ստեղծվում են, այսպես կոչված, «Ադրբեջանական տներ» կազմակերպություններ, որոնք «միտված են համախմբելու արտերկրում բնակվող ադրբեջանցիներին»:
Արտերկրում գործունեություն ծավալող «Ադրբեջանական տներ»-ի աշխարհագրությունը
Հարկ է նշել, որ «արտերկրում բնակվող ադրբեջանցիներին համախմբել»-ով՝ այդ կազմակերպություններն իրականում երկրից դուրս այլ գործառույթ ունեն՝ իրականացնել հակահայկական քարոզչություն, ընդդեմ հայկականի՝ կազմակերպել ցուցահանդեսներ եւ միջոցառումներ։
Այսպես՝ «Ադրբեջանական տներ»-ի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացվել էր «Ցեղասպանության եւ տեղահանության հանցագործություններն արեւմտյան ադրբեջանցիների դեմ» խորագրով միջոցառում, ցուցադրվել էր նաեւ «iZ» (թարգմանաբար՝ հետք) «փաստագրական» ֆիլմը՝ հերթական անգամ հայերին մեղադրելով երեւակայական տարածքի՝ «Արեւմտյան Ադրբեջան»-ի պատմական հուշարձանները՝ ամրոցներ, պալատներ, դամբարաններ, մզկիթներ, կամուրջներ եւ այլն, ոչնչացնելու համար։
Ադրբեջանական սփյուռքի կողմից անցկացվող հակահայկական նմանօրինակ միջոցառումների թեմատիկան տարբեր է: Դեռեւս փետրվարին Լեհաստանի Կրակով քաղաքում նորաբաց «Ադրբեջանական տուն» կազմակերպությունն անցկացրել էր, այսպես կոչված, Խոջալուի «ցեղասպանության» 32-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ իբրեւ թե լեհերին մանրամասն տեղեկություններ տրվեն Հայաստանի կողմից իրականացրած «էթնիկ զտումների» եւ «սպանությունների մասին»։
Lրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը նշել էր, որ պլանավորվում է ավելի շատ «Ադրբեջանական տներ» բացել, այդ թվում՝ մասնաճյուղեր Չեխիայում եւ Իրաքում: Իր խոսքում ադրբեջանցի պաշտոնյան նշել էր, որ աջակցում են «ազատագրված» տարածքների վերաբերյալ տարբեր լեզուներով գրքերի հրատարակմանը, եւ որպես օրինակ՝ ներկայացնում «Շուշիի պատմություն» գրքի գերմաներեն հրատարակումը:
Ուսումնասիրելով ադրբեջանական սփյուռքի գործունեությունը՝ վստահորեն կարելի է արձանագրել, որ այն հիմնված է հակահայկական բովանդակության վրա: Ըստ ամենայնի՝ Բաքվի իշխանությունն անգամ սփյուռքի միջոցով ջանք չի խնայում միջազգային հանրությանը ներկայացնել խեղաթյուրված հակահայկական փաստեր:
«Գեղարդ» հիմնադրամ
3 ՏԱՐԻ ՔՆՆԵԼ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՉԵՆ ԳՏԵԼ
Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւի հունում ապօրինի շինարարության հետեւանքով շուրջ 4 տարի առաջ Իջեւանի «Դենդրոպարկի» ջրառը զրկվեց Աղստեւի ջրից, չորացան շուրջ 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր, թփեր եւ մոտ 24 հազար տնկի, Աղստեւ գետի հունին, ափերին, Իջեւանի «Դենդրոպարկին» պատճառվեց միլիոնավոր դոլարների վնաս։ Աղստեւի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու եւ գործարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեի կարեւորագույն գործերով զբաղվող վարչությունում այդ գործով փոխվել է երեք քննիչ, սակայն գործով մեղադրյալ չկա։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ. մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է կառուցապատումը եւ 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Սակայն Իջեւանի գինու, կոնյակի գործարանը «պարգեւատրվել է»` վարձակալությամբ «Դենդրոպարկից» ստանալով 5,7 հեկտար տարածք՝ այն հանգստի գոտի դարձնելու նպատակով։ Քրեական այդ գործի վերաբերյալ տեղեկատվական հարցում ենք կատարել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Ի պատասխան հարցման` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են. «Իջեւանի գինու ու կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունի եւ ափի ավերման, գետի հունում ապօրինի շինարարության կատարման, «Դենդրոպարկին» պատճառված վնասի կապակցությամբ հարուցված քրեական գործով 2024թ. օգոստոսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննչական ենթակայության կանոնները փոփոխելու եւ քրեական վարույթով նախաքննության կատարումը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին հանձնարարելու մասին։ Միաժամանակ հայտնում ենք, որ բոլոր, այդ թվում՝ ձեր հարցման մեջ հիշատակված քրեական վարույթներով, ՀՀ դատախազությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ։ Նշյալ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, որի շրջանակում կատարվել են բազմաթիվ ապացուցողական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ նշանակվել փորձաքննություններ։ Մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ