
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի կարծիքով՝ Ազգերի լիգայի ենթախմբային փուլի վերջին տուրի հաղթանակը հավաքականի համար ծանր էր:
«Մեզ համար ծանր խաղ ստացվեց: Երկրորդ կեսում խաղը փոխվեց, և տղաները կատարեցին այն հանձնարարությունը, որը տրվել էր նրանց: Ես նրանցից միայն համբերություն էի պահանջել: Պետք էր սպասել մեր պահին»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Չախալյանը:
Նրա խոսքով` Լատվիայի դեմ խաղում մեծ փոփոխություններ չկային, և Հայաստանի հավաքականին հաջողվեց լուծել լատվիացի ֆուտբոլիստների` պաշտպանությունում ստեղծած խնդիրները:
Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ հորիզոնականը: Այս խմբում 16 միավորով առաջին տեղում Հյուսիսային Մակեդոնիան էր: Ֆարերյան կղզիների թիմը 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է: