ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 18-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 40 երկիր, այդ թվում և Թուրքիան։
Հայաստանը ևս ներկայացված է լինելու առաջնությունում։ Սակայն, եթե ի սկզբանե ՀՀ-ից մասնակցության հայտ ներկայացրած մարզիկները գործող չեմպիոններն էին, ապա այժմ, պարզվում է, որ նրանց թույլ չեն տվել մասնկացել առաջնությանը՝ առանց որևէ պատճառաբանության։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ թույլ չեն տվել առաջնությանը մասնակցել ներկա պահին ժամկետային զինծառայողներ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, Եվրոպայի չեմպիոններ Արման Անդրեասյանին և Վազգեն Թևանյանին, աշխարհի երիտասարդների չեմպիոն Վիգեն Նազարյանին, բանակայինների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանին, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին, Եվրոպայի երիտասարդների մրցանակակիր Կնյազ Իբոյանին։ Արդյունքում, Հայաստանը տվյալ առաջնությունում ներկայացնելու են յուրաքանչյուր քաշի «երրորդ համարները», այլ ոչ չեմպիոնները։ Մինչդեռ Թուրքիան առաջննությանը մասնակցելու է բավականին տպավորիչ կազմով, իր այսպես կոչված «առաջին համարներով»՝ հավաքականում ունենալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, ինչը վերոնշյալ հայ ըմբշամարտիկների բացակայության պայմաններում, երաշխավորելու է նրանց հաղթանակը։
Միթե՞ այս ամենն արվում է այն նպատակով, որ հայ ժողովուրդը Հայաստանում կանգնած լսի Թուրքիայի հիմնը: Ինչո՞ւ են պատկան մարմինները նման որոշում կայացրել:
ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ՝ հասկանալում թե ինչն է նման որոշման պատճառը, վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ըմբիշների կազմը որոշում է ֆեդերացիան ու մարզիչները, և նա տեղյակ չէ՝ ում են հայտագրել: