ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի 146 մանկապարտեզից հետ հավաքած հավի մսի մեջ հայտնաբերվել է վնասակար բակտերիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից լաբորատոր փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից: Փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն: Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու համար: Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր մոտ 3850 կգ հավի միս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ: Հիշյալ սննդամթերքը Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարում է «Դեագա» ՍՊԸ-ն: Փորձաքննությամբ պարզվել է, որ կա անհամապատասխանություն, մասնավորապես՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ: Միջոցներ են ձեռնարկվում ամբողջ՝ 2270 կգ սերուցքային կարագը ևս հավաքելու նպատակով:

«Ուզում եմ մատակարար ընկերություններին ևս մեկ անգամ տեղեկացնել, որ տարիներ շարունակ գործող ինչ-որ մի տրամաբանությունն այլևս չի աշխատում, և նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ այլևս չեն կարող մեր կողմից ընդունվել: Ուզում եմ բոլորին զգուշացնել, որ չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ, որովհետև ուղղակի անթույլատրելի է, որ մեր երեխաներին նման սնունդ մատակարարվի»,- ընդգծել է քաղաքապետը:

Ի դեպ, 2025թ. Երևանի համայնքային մանկապարտեզներին մատակարարվելիք սննդամթերքի գնման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ուսումնասիրվել են մթերքի տեխնիկական բնութագրերը: Դրա շնորհիվ լրամշակվել և խիստ պահանջներ է ներկայացվել տեխնիկական բոլոր բնութագրերի և որակի նկատմամբ: Որպես կարևորագույն բարեփոխում՝ ավարտական փուլում է սննդի պատվերների գրանցման միասնական հարթակի ստեղծումը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս