Այսօր Կառավարության հերթական նիստից առաջ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ երեք կաևրոր հարցի՝ պարտադիր կուտակային համակարգ, ցրտահարություն և Քեսաբի խնդիր:
Ներկայացնում ենք կառավարության ղեկավարի և անդամների հարց ու պատասխանը.
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մինչև օրակարագի ձևավորումը երեք հարց կա` որոնց պետք է անդրադառնանք: Առաջինը՝ քեսաբահայությանն առնչվող խնդիրներն են, որոնք պահում ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձում ենք օպերատիվ արձագանքել և լուծումներ տալ այդ խնդիրներին: Տիկին Հակոբյան՝ ինչպիսին են վերջին զարգացումները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան – Պարոն վարչապետ, ինչպես գիտեք, 670 ընտանիք հայտնի դեպքերից հետո տեղահանվել է, որոնցից մոտ 400-ը գտնվում են Լաթաքիայում, Դամասկոսում, մեկ տասնյակ ընտանիք տեղափոխվել է նաև Բեյրութ և Այնճար, 200 և ավելի մարդ պատսպարվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, 38 հոգի պատանդ էին մնացել, նրանցից 24-ը վերադարձվել են, 3-ը տեղափոխվել են թուրքական Վաքըֆ գյուղ, բռնի կերպով են տարել, բայց ողջ են, մնացածը Քեսաբում են, հեռախոսակապի միջոցով խոսում են գյուղապետի հետ և նա էլ անընդհատ մեզ հետ և դեսպանի հետ կապի մեջ է: Այնճարում արդեն երեխաները դպրոց են գնում, եկեղեցու տարածքում շտապ օգնության ծառայություն է կազմակերպված, հայկական բոլոր կառույցները սիրիայում վերջին երեք տարիների դեպքերի առնչությամբ ստեղծել են շտապ օգնության կառույցներ, որոնց մեջ մտնում են մեր եկեղեցիները, կուսակցությունները, բարեգործականը:
Առաջին պարագաները՝ սնունդը և այլն, ապահովված է: Քայլերը, որոնք ձեռնարկվեցին Հայաստանի Հանրապետության կողմից, անմիջապես Հանրապետության նախագահի հայտնի հայտարարությունն էր Հաագայից, դա ազդակ հաղորդեց ողջ հայ ժողովրդին և միջազգային կազմակերպություններին: Մենք նախագահի հայտարարությունն անմիջապես ուղարկեցինք բոլոր հայկական համայնքների ղեկավարներին՝ խնդրելով ցույցեր, բողոքի ակցիաներ, հանրահավաքներ անցկացնել, ցուցաբերել նաև նյութական օգնություն: Նաև պետք է ասեմ, որ ի պատիվ հայկական բոլոր համայնքների, որ անցկացրին բողոքի ակցիաներ, ցույցեր, սկսած գործադուլից, մինչև պետական դեպարտամենտի վրա ճնշումներ գործադրելը, շատ ակտիվ աշխատեցին Հայ Դատը, Հայկական համագումարը, կուսակցությունները, եկեղեցիները, մեր երկու կաթողիկոսներն արձագանքեցին շատ արագ: Այսօր ի՞նչ են մեզնից պահանջում քեսաբահայերը: Առաջին խնդրանքն այն է, որպեսզի ճնշումն ավելացվի. երեկ մեր արտաքին գործերի նախարարը դիմեց ՄԱԿ՝ Բան կի Մունին, մեր կրթության նախարարը դիմեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, և հիմնական խնդրանքն այն է, որ հետաքննություն սկսվի, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները, դեպքերը, և երկրորդ՝ հնարավորություն ստեղծել, որ քեսաբահայերը վերադառնան: Նաև մեզ ուղարկել են այն հնարավոր կետերը, որ եթե վերադառնան, մենք՝ որպես պետություն և սփյուռք՝ ինչով պետք է օգնենք, որպեսզի նրանք կարողանան վերականգնել այն ամենն, ինչ որ կար: Ցավոք, պղծել են հայկական եկեղեցիները, իջեցրել հայկական խաչերը, նույնիսկ տեղի է ունենում վերաբնակեցում: Հյուսիս արևմուտքից մտել և ապրում են մեր հայկական տներում, ինչպես նաև թալանվում է ողջ նյութական ունեցվածքը: Այս առումով, եթե աստված հաջողի շուտ վերադառնան, ապա օգնության մի այլ ձև պետք է մշակվի: Միաժամանակ, առկա է նյութական օգնության խնդիրը, շատ ակտիվացել են տարբեր կառույցներ, կազմակերպություններ և սկսվել է դրամահավաք, բայց մենք գտնում ենք, որ մենք 20 տարի շարունակ արդեն ունենք հաստատված խողովակ՝ դա Հայաստան համահայկական հիմնադրամն է, ովքեր ցանկություն ունեն, ապա պետք է անպայման այդ ճանապարհով օգնություն կազմակերպել, իհարկե, դասական կուսակցությունները, եկեղեցիները, բնական է, իրենց խողովակներով պետք է կազմակերպեն: Միաժամանակ, պարոն վարչապետ, մենք պարոն փոխվարչապետի մոտ մարզպետների խորհրդակցություն ունեցանք, նաև մարզպետներին հնարավոր սցենարների զարգացման դեպքում հանձնարարականներ տրվեցին, որ նրանք ևս պատրաստ լինեն: Այսօրվա դրությամբ Քեսաբից Հայաստան որևէ մեկը դեռ չի եկել, չնայած խոսակցություններ կան, որ կարող է եկեղեցու տարածքում բնակվողները տեղափոխվեն Բեյրութ, այնտեղից էլ Հայաստան: Դա, իհարկե, օրերի և ժամանակի խնդիր է, կախված, թե երբ կավարտվի այդ հակամարտությունը: Ասեմ նաև, որ ակտիվ տղաները զորքի հետ են և իրենք նաև համաձայն չեն, որ ծավալվեն ակտիվ գործողություններ, որոնց ակտիվ ծավալման դեպքում կարող են ավերածությունները շատ լինել: Այդ պատճառով շատ դանդաղ է առաջ գնում, բայց այս պահին որոշակի ռազմավարական բարձունքներ սիրիական բանակը նվաճել է: Պետք է ասեմ նաև, որ տեղեկությունների առումով կարևոր նշանակություն ուներ մեր պատգամավորների այցը և բարոյական, և հոգեբանական առումով: Այնպես որ աշխատանքները շարունակվում են, ամենօրյա են: Պետք է ասեմ, որ մեր դեսպանատունը, հյուպատոսությունն այնտեղ շատ պատասխանատու և հետևողական աշխատում են, անընդհատ կապի մեջ ենք և ինչ նրանք պահանջում են, փորձում ենք ինչ որ ձևով լուծումներ գտնել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մեր պատգամավորների կարծիքն այնպիսին էր, որ քեսաբահայերի հիմնական ցանկությունն այն է, որ նրանք վերադառնան իրենց սեփական տները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան – Այո: Եվ պարոն վարչապետ, մենք երեկ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ենք անցկացրել, բոլոր գերատեսչությունները, նախարարությունները պատգամավորներից տեղակացան այն ամենի մասին, ինչ նրանք տեսել և լսել են: Այնպես որ, մեր բոլոր կառույցները, կազմակերպությունները, եթե հանկարծ նրանք գան հայրենիք, պատրաստ կլինեն ինչպես սիրիայի մյուս քաղաքացիների, այնպես էլ քեասաբահայերի համար օգնություն կազմակերպել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ: Ուղղակի մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ մեր ամենօրյա հսկողության տակ գտնվող խնդիր է և կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այն հոգսերը, որ այսօր ընկել են մեր հայրենակիցների ուսերին՝ լուծվեն և մենք պետք է կանգնած լինենք նրանց կողքին:
Երկրորդ հարցը, հարգելի գործընկերներ, վերաբերում է վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների պատճառով գյուղատնտեսությանը լուրջ վնաս հասցնելու հետ կապված խնդիրներին: Տեղյակ եք, որ պարոն Գևորգյանի մոտ մի քանի անգամ խորհրդակցություններ են եղել այդ թեմայով և երկու-երեք օրվա ընթացքում մենք կամփոփենք արդյունքները: Շուրջ 11500 հա-ի վրա մենք արձանագրել ենք վնասներ, և այսօր մարզպետները, գյուղնախարարը մանրակրկիտ ուսումնասիրում են ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել վնասի ծավալները, որպեսզի օգնությունը և օժանդակությունը լինի առարկայական: Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի: Մենք նաև դիմել ենք Կենտրոնական բանկին` խնդրելով, որպեսզի ֆինանսական խնդիրները քննարկվեն: Պարոն Ջավադյան, ունե՞նք արդեն մոտավոր պատկերը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան– Արդեն իսկ տեղերում որոշակի ուսումնասիրություններ արել ենք, տարբեր գյուղերում հարցումներ ենք կատարել: Բացի այդ, աշխատանք է տարվում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Մի քանի օրից ամբողջական պատկերը Ձեզ կներկայացնեմ: Կարող եմ ասել, խոսքը մոտավորապես 6 մլրդ վարկային ներդրումների մասին է:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, ինչպես անցած տարի մենք Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսություններին օգնեցինք վարկային միջոցներով , վերաձևակերպումներով, այս տարի նույն գործիքը կօգտագործենք և պետական բյուջեն կաջակցի: Մենք կօգնենք գյուղացիական տնտեսություններին ֆինանսական խնդիրները հաղթահարելու հարցում, որպեսզի նրանք կարողանան և գարնանացանը, և աշնանացանը իրականացնեն: Երկու օրվա ընթացքում նաև պարոն Գևորգյանը կամփոփի արդյունքները, և մենք հստակ պատկերացում կունենանք ծավալների մասին, դրանից հետո կհայտարարենք մեր օգնության մասին, արդեն առարկայական` ըստ իրողությունների, և ըստ գումարի չափի:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Երրորդ հարցը, հարգելի գործընկերներ, վերաբերում է Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը: Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքների որոշ դրույթներ համարեց Սահմանադրությանը հակասող և ժամանակ տվեց Ազգային ժողովին և կառավարությանը՝ մինչև սեպտեմբերի 30-ը շտկելու այն հոդվածները, որոնք հակասահմանադրական են:
Այսօր ես ձևավորելու եմ աշխատանքային խումբ, և դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին Ազգային ժողովին ներկայացնելու ենք օրենսդրական փաթեթ, որը հաշվի է առնելու բոլոր այն նորմերը, որոնք սահմանված են Սահմանադրական դատարանի որոշման մեջ, որպեսզի շտկենք օրենսդրությունը և վերացնենք հակասահմանադրական նորմերը, այսինքն, բացառիկ հնարավորություն է նաև քաղաքացիական հասարակության համար՝ մեզ հետ միասին մասնակցել օրենսդրական այս փոփոխությունների մշակմանը՝ նպատակ ունենալով բարելավելու գործող համակարգը:
Օգտվելով այս բացառիկ հնարավորությունից՝ ևս մեկ անգամ դիմում եմ քաղաքացիական հասարակությանը, այն ակտիվիստներին, ովքեր իրենց ուշադրության կենտրոնում են պահել պարտադիր կուտակային համակարգի օրենսդրությունը, հրավիրում եմ նրանց երկխոսության: Կարծում եմ, որ նաև նրանց համար է ստեղծվում այդ բացառիկ հնարավորությունը՝ այժմ աշխատել հանուն ավելի լավ օրենսդրության, որը հաշվի կառնի նաև Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը: Այնպես որ, մենք ակնկալում ենք երկխոսության սկիզբ և օրենսդրության կատարելագործում, այդ ուղղությամբ անելիքներ ունենք: Բնականաբար, մեր հիմնական գերատեսչությունները, որոնք աշխատելու են այդ աշխատանքային խմբում, արդարադատության նախարարությունն է, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը: Իհարկե, չափազանց կարևոր է, որպեսզի մենք մասնագիտական եզրակացություններ հնչեցնենք. ի՞նչ է դա նշանակում մեր տնտեսվարողների համար, մեր քաղաքացիների համար, եթե Սահմանադրական դատարանը մեզ տվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը: Դա նշանակում է, եթե ես ճիշտ եմ հասկանում, որ օրենքն այն տեսքով, ինչ տեսքով որ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, պետք է աշխատի մինչև սեպտեմբերի 30-ը, և մենք պետք է մինչև սեպտեմբերի 30-ը այդ հակասահմանադրական ճանաչված նորմերը վերանայենք: Այդպե՞ս է, պարոն Թովմասյան:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան – Ճիշտ եք, պարոն վարչապետ: Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետն է, համաձայն որի, վերջին դրույթն եմ ուղղակի ուզում հնչեցնել, նման պարագաներում օրենքը համարվում է սահմանադրական մինչև նրա ուժը կորցնելը, այսինքն՝ այս պահի դրությամբ դա կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում տեսության մեջ, մինչև սեպտեմբերի 30-ը, դա վերջնաժամկետն է, որ այդ դրույթները համարվում են սահմանադրական: Բայց այն պահին, երբ այդ փոփոխությունները կկատարվեն, այդ պահից այդ փոփոխություններն արդեն կմտնեն ուժի մեջ: Դա ուղղակի վերջնաժամկետն է, այսինքն՝ այդ փոփոխությունները որ պահին անենք, այդ ժամկետը կկասեցվի, և հետևաբար, նոր կարգավորումները կմտնեն ուժի մեջ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ: Այսինքն, հարգելի գործընկերներ, սա նշանակում է, որ մեր քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, և դա նշանակում է, որ բոլորը պետք է ղեկավարվեն գործող օրենքով, և մենք հնարավորություն ունենք մինչև սեպտեմբերի 30-ը շտկումներ կատարել այն հոդվածներում, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Այսինքն, այստեղ ամեն ինչ հստակ է: պարոն Թովմասյան, կխնդրեմ Ձեզ, որպեսզի Դուք նաև կառավարության նիստից հետո մոտենաք լրագրողներին և այդ մեկնաբանությունը հստակ ներկայացնեք նրանց, որպեսզի տարընթերցումներ չլինեն, և բոլորս նույն դիրքերից հանդես գանք: