Ազգային ժողովը շուրջ 30 հազար դոլար հատկացրեց ԱԺ սրճարան-բարին, որը անգամ 2 ամիս չկարողացավ ծառայել նպատակին։
Ազգային ժողովի բակում սրճարանի կառուցման մասին խոսույթներ կային դեռ 2021 թվականի օգոստոսին։ Հաջորդ տարի՝ 2022-ի դեկտեմբերին, «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ շուրջ 4,7 մլն դրամի պայմանագիր է կնքվել, որով ընկերությունը պարտավորվել էր 20 աշխատանքային օրում բակում սալիկապատման աշխատանքներն ավարտել։
ArmLur.am-ի տեսախցիկը արձանագրել էր, որ ԱԺ աշխատակազմի հրահանգով ձմռանը՝ շինարարության համար ոչ նպաստավոր եղանակին սալիկապատվում էր բակը։
2023 թվականի սեպտեմբերին աշխատանքների 2-րդ փուլի մրցույթ է հայտարարվել։ Ինչպես «Հետքը» գրել էր, մրցույթին մասնակցել է նաև «Հիպերնովա» ՍՊԸ-ն, սակայն հաղթող է ճանաչվել մեկ այլ ընկերություն՝ «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, կնքվել է շուրջ 1,9 մլն դրամի պայմանագիր։
Ազգային ժողովի և «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը, սակայն, 2023-ի հոկտեմբերին ԱԺ աշխատակազմը միակողմանի լուծարել է․ ըստ տեխնիկական բնութագրի և օրացուցային գրաֆիկի՝ ընկերությունը 30 օրում պիտի ավարտեր աշխատանքները, բայց, ինչպես նշված է պայմանագիրը լուծարելու հայտարարության մեջ, հոկտեմբերի 24-ի դրությամբ աշխատանքները սկսված չեն եղել։
Ազգային ժողովը, սրճարանի կառուցման խոչընդոտներն ու բարիկադները մի կերպ հաղթահարելով, հայտարարեց 3-րդ մրցույթը և արդյունքում Մարիամ Պետրոսյան Խաչատուրի ԱՁ-ի հետ 2,3 մլն դրամի պայմանագիր կնքվեց։
Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11,5 մլն դրամ՝ մոտ 30 հազար դոլար արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ՝ սրճարան կառուցելու նպատակով։
30 հազար դոլար արժողությամբ այս սրճարանը անգամ 2 ամիս չգործեց։ Սրճարանը թեև նախատեսված էր բոլորի համար, սակայն քչերը հասցրին լինել այնտեղ։
Հենց սրճարանի բացման և ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկին ArmLur.am-ը հարցումների շարք էր արել, որտեղ պատգամավորները գոհունակություն էին հայտնում, թե որքան լավ է ԱԺ-ում բացօթյա սրճարան ունենալը։ ՔՊ-ականներից շատերն էլ հավաստիացնում էին, որ սրճարանում «Կասկադի գները չէ»։ Սակայն այս վայելքը երկար չտևեց։
ԱԺ բացոթյա սրճարանի մասին նյութը՝ այստեղ։
Էմմա Միքայելյան