Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է 2025 թվականին այցելել Հայաստան։ Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է Դաշնային խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։
«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոյի հանդիպումը: Նա ստացել է այդ հրավերը: Եվ մենք, իհարկե, պատրաստում ենք այդ այցը և հույս ունենք, որ այն կհամընկնի միջտարածաշրջանային համաժողովի հետ, որը կանոնավոր անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այսինքն՝ մենք պատրաստվում ենք, համագործակցությունն ընթանում է, իմ կարծիքով, ակտիվորեն: Վստահ եմ, որ բոլոր հարցերը կլուծենք», – ասել է նա։
Վորոբյովի խոսքով՝ Մատվիենկոյի այցը սպասվում է «հաջորդ տարվա առաջին կամ երկրորդ եռամսյակի սկզբին»։ Վորոբյովը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Սոչիում և նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին: