Պայքար՝ գյուղատնտեսության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության ոլորտին մատչելի վարկերի տրամադրման քաղաքականությունը, որին ձեռնամուխ է եղել 2011 թվականին: 2011-2013թթ. տրամադրվել է 54.7 մլրդ դրամ ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար՝ 6 տոկոսային կետը: 2013թ. երկու փուլով տրամադրվել է շուրջ 22.5 մլրդ դրամի վարկային միջոց: 2011թ. ի վեր վարկառուների թիվը եղել է 83.7 հազար միավոր: Այսօրվա նիստում նախկին որոշման փոփոխությամբ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014թ. համար սահմանվել է ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ գյուղատնտեսության նախարարին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պետք է շատ ակտիվ մենք այս ծրագրերը ներկայացնենք, պարոն Կարապետյան: Ուղղակի տեղեկատվական դաշտում ես նկատում եմ, որ մարդիկ երկու կոպեկ փող են ծախսում գյուղացիներին օգնելու համար, բայց 200 մլն ծախսում են իրենց փիառի համար: Լավ, իրենց փիառն անում են, թող անեն, բայց կառավարությանն ինչի՞ են վարկաբեկում, որ կառավարությունն, իբր, ոչ մի օգնություն ցույց չի տալիս գյուղացիներին: Սա ի՞նչ խայտառակություն է: Դրա համար մենք պետք է ակտիվ լինենք, այս ծրագրերը ներկայացնենք, կոնկրետ այն տնտեսությունները ներկայացնենք, որոնք այս օժանդակությունն ստանում են: Ակնհայտ է, չէ՞, որ մենք 100-ապատիկ ավելի շատ ենք տալիս, քան չակերտավոր այդ «բարեգործները», որ գիշեր-ցերեկ միայն իրենց փիառի մասին են մտածում: Խնդրում եմ ակտիվ լինեք լուսաբանման գործում»:

ՀՀ կառավարությունն հաստատել է ՀՀ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման և ախտորոշիչ հետազոտությունների ծրագիրը: Այն մշակվում և հաստատվում է ամեն տարի և նպատակ ունի երկրում պահպանել հակահամաճարակային կայուն վիճակը, միջոցներ ձեռնարկել բրուցելոզ, տուբերկուլոզ, սիբիրախտ, դաբաղ և մի շարք այլ հիվանդությունների դեմ: Ըստ ծրագրի այս տարի ևս անհրաժեշտ չափաքանակներով ձեռք կբերվեն անասնաբուժական պատվաստանյութեր, ախտորոշիչ միջոցներ և ախտահանիչներ, կիրականացվեն հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ: Ծրագրի բյուջեն հաշվարկվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան անցկացված մրցույթների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և կապալառու ընկերության միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

Նիստում հաստատվել է նաև կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն Արարատի և Արմավիրի մարզերում ֆերոմոնային թակարդների օգնությամբ կճշտվեն նշված վնասատուների արեալները, դրանց դեմ քիմիական պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները:

Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:




Լրահոս