ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքերը Հայաստանում կմասնակցեն բանակային ըմբշամարտին. լարված իրավիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպման համար հատկացվել է 476 մլն 241 հազար դրամ, սակայն Հայաստանը մշտապես մարզական հարթակներում ներկայացրած մարզիկները չեն մասնակցի։

Հայաստանի թիմերում չեն ընդգրկվել ուժեղագույն մարզիկները, որոնք ժամկետային ծառայության մեջ են՝ Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Մանվել Խնձրցյանը, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կնյազ Իբոյանը։

Առաջնությունը նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է անցկացվելու, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ավելի քան 400 անձ:

Այսօր առաջնությանը նվիրված ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն ընդգրկվել թիմում։ ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այդպես էլ ոչ մի հստակ սահմանում չկարողացավ տալ, թե ովքեր են ընտրել ըմբիշների ցանկը, ինչ չափորոշիչների չէին համապատասխանում օլիմպիական խաղերի, եվրոպայի և աշխարհի չեմպիոնները, ինչու է Թուրքիան մասնակցում ուժեղագույն մարզիկների թիմով, իսկ Հայաստանը՝ շատ քիչ փորձ ունեցող մարզիկների թիմով։

Առաջնության շուրջ այսքան մեծ աղմուկ չէր բարձրանա, եթե մի խումբ հայ մարզիկներ՝ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Մալխաս Ամոյանը չբարձրաձայնեին, որ իրենք չեն մասնակցելու առաջնությանը։ Այնինչ դեռ օգոստոսին նրանց բանակ զորակոչեցին առաջնությունում իրենց առաքելությունն իրականացնելու համար։ Անգամ Զինուժի պատրաստած ռեպորտաժում գնդապետ Արման Դավթյանը նշում է, որ հենց նրանք էլ մասնակցելու են առաջնությանը։

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան լրագրողների հարցերից վրդովված, մարզիկների մասին այլ տեղեկատվություն ստանալու համար հորդորում է հարցում ուղարկել։

Մարզիկները բարձրաձայնում են ոչ միայն այն, որ իրենք չեն մասնակցելու առաջնությանը, այլ նաև այն, որ Հայաստան այս առաջնության համար գալու են Թուրքիայի պատվիրակության ամենաուժեղ և ծանր քաշային կարգի մարզիկները։

ԿԳՄՍ նախարարն էլ միտում չի տեսնում, որ ըմբշամարտի չեմպիոնները չեն մասնակցելու Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։ Ասում է՝ կարևորը ընթացակարգերին հետևելն է։

Ըմբիշները չեն համակերպվում եղելության հետ, ԿԳՄՍ-ն միտում չի տեսնում, իսկ ՊՆ-ից պնդում են, որ ցանկը փոխել այլևս հնարավոր չէ։

Թե ինչ լուծում կստանա խնդիրը, կստանա թե չի ստանա, չենք կարող ասել, սակայն մարզիկները նշում են՝ անարդարության դեմ պայքարելու են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս