Կշարունակեմ պայքարել ՀՀ ինքնիշխանության և երկրի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար. ԱՄՆ կոնգրեսական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակվել, ըստ որի՝ Փալոնը, որը Բաքվում մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին՝ COP-29-ին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին թե՛ համաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Նշվում է, որ կոնգրեսականը խուսափել է ֆիզիկապես վնասվելուց միայն ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ։

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած նրան, որ Փալոնը հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից՝ նրան թույլ չեն տվել հանդիպել Ադրբեջանի ղեկավարի հետ:

«Ինձ լռեցնելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հանուն հաշվետվողականության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի ներքո։ Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և տարածաշրջանում վերջնական հանգստություն հաստատող արդար և տևական խաղաղության համաձայնագրի համար»,- հայտարարել է Փալոնը:

Հաղորդագրության համաձայն՝ նա Ներկայացուցիչների պալատի մյուս անդամներին, որոնց թույլատրվել էր հանդիպել Ալիևի հետ, խնդրել է բարձրացնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հարցը:

«Ես հպարտացա, որ երկկուսակցական պատվիրակությունն Ալիևին ասել է, որ ԱՄՆ կառավարությունը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, չի ցանկանում այլևս հակամարտություն տարածաշրջանում, և որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել միայն խաղաղ ճանապարհով»,- նշել է Փալոնը:




Լրահոս