Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ իր մասնակցությամբ աղմկահարույց միջադեպից հետո ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այսօր հայտնեց մանդատը վայր դնելու մասին:
ՔՊ վարչությունում նրա եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կա հարուցված:
ՔՊ ցուցակում հաջորդ համարը ավագանու նախկին անդամ Աշոտ Մնացականյանն է, որը բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում:
Նա հայտնի է դարձել պատերազմից հետո արված գերիների վերաբերյալ իր տհաճ գրառմամբ.
«Մանր չունեցող տաքսու վարորդները մահվանից հետո գերի են ընկնելու…»,-ֆեյսբուքում 2021թ-ին գրել էր նա:
Աշոտ Մնացականյանը նաեւ հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրեն նշանակվելուց հետո իր աշխատավարձը 120 հազար դրամով բարձրացրել էր և ինքն իրեն կրկնակի պարգևատրել էր:
Կվերցնի նա մանդատը, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկա օրերին:
Քրիստինա Մուշեղյան