ArmLur.am-ը հերթական ահազանգն է ստացել ապօրինի շինության մասին, որը դարձել է պատուհաս բնակիչների համար։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի 7/1 հասցեում գտնվող շենքի տանիքում, ըստ ArmLur.am-ին դիմած քաղաքացիների, իրականացվել է ինքնակամ շինարարական աշխատանքներ։
Փաստաբան Կարեն Քալանթարյանը, ով զբաղվում է այս խնդրով, ArmLur.am-ին ասաց, որ մոտ 2-3 տարի է, ինչ տուժածները չեն կարողանում բարձրանալ իրենց տանիք, քանի որ այն ապօրինաբար փակ է եղել, կողպված։
«Ինձ դիմել է ԱՄՆ քաղաքացի, ով ազգությամբ հայ է, ասում է, որ տևական ժամանակ է՝ մոտ 2-3 տարի չեն կարողանում բարձրանալ իրենց տանիք, քանի որ ապօրինաբար փակ է եղել։ Իրենք ապրում են հենց շենքի վերջին հարկում։ Սակայն վերջին ժամանակահատվածում իրենց տան կախովի ֆրանսիական առաստաղներից ինչ-որ հոտ են զգացել, քանդել են այդ կախովի առաստաղները և տեսել, որ ամբողջ առաստաղը ջրի մեջ կորած է։ Դիմել են մի շարք կազմակերպությունների՝ քաղաքապետարանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և այլ տեղեր, սակայն մնում են անպատասխան, վերջում գրում են նամակ վարչապետի աշխատակազմին»,- ArmLur.am-ին պատմեց փաստաբանը։
Քալանթարյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին դիմելուց հետո աշխատակազմը քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություն է տվել, որպեսզի պարզեն ամբողջ եղելությունը։
«Վարչապետի աշխատակազմը հանձնարարություն է տալիս, որպեսզի պարզեն, թե ինչ է տեղի ունենում։ Քաղաքաշինության համապատասխան ստորաբաժանման կողմից գալիս է մի գրություն, որ կա ինքնակամ կառույց այդ շենքի տանիքի վրա, որը հենց ուղիղ իրենց տան վրա է և որը մի շարք խոչընդոտներ, վտանգներ է առաջացնում թե՛ շենքի, թե՛ շենքի բնակիչների համար։ Այդ նամակը հասցեագրվում է քաղաքապետին։ Քաղաքապետարանն, անգործություն դրսևորելով, ոչինչ չի անում, մակագրում է համայնքին։ Այս խեղճ մարդկանց կանչում են ու այնպիսի թեմա է գնում, որ ինչո՞ւ եք վերջին հարկում տուն առել, մենք օրական 10 նման նամակ ենք ստանում և նման բաներ։ Ռեալ անգործություն է»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ փաստաբան Քալանթարյանը նաև ասաց, որ տուժած բնակիչները օրական 5 դույլ ջուր են տանից հանում և անելանելի իրավիճակում են։
«Ոչ մի կառույց ոչ մի կերպ լուծում չի կարողանում տալ այն պարագայում, որ քաղաքաշինության պատասխանի մեջ հստակ գրված են շատ հանգամանքներ։ Մենք դատական պրոցես կսկսենք, այդ ամենը կանենք, բայց այս պրոցեսը երկար տարիներ կշարունակվի ու այս մարդիկ, ստացվում է, կոնկրետ այդ պայմաններում պետք է ապրեն»,- նշեց փաստաբանը։
Նշենք նաև, որ փաստաբանը ArmLur.am-ին է տրամադրել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացած նամակը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ շենքի տանիքում իրականացվել է ինքնակապ երկաթ բետոնե և մետաղական կոնստրուկտիվ աշխատանքներ, ինչպես նաև հատակների սալիկապատում։
ArmLur.am-ը նաև փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու՝ ինչո՞ւմն է կայանում խնդիրը, ինչո՞ւ քաղաքացիների խնդրին լուծում չի տրվում, սակայն երկրորդ օրն է, ինչ ArmLur.am-ի զանգերը մնում են անպատասխան։
ArmLur.am-ը դիմել է նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին՝ պարզաբանելու համար՝ ինչո՞ւ են թույլատրել ապօրինի շինարարություն իրականացնել, որտեղից պատասխանեցին, որ հարցը գտնվում է համատիրության տիրույթում և իրենք ևս պահանջել են պարզաբանում այդ հարցով։ Պատասխան ստանալու դեպքում կարձագանքեն։
Կից ներկայացնում ենք նաև տուժած քաղաքացու բնակարանից և քաղաքապետարանից ստացված գրությունից լուսանկարներ։
Աննա Սրապիոնյան