ՔՊ վարչությունն ինձ չի կարող ասել մանդատ դիր, կարող է հորդորել. Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մասնակցել եմ կուսակցության նիստին, վարչությունն ինձ հրավիրել էր պարզաբանումներ տալու լսումների հետ կապված բոլորին հայտնի միջադեպի կապակցությամբ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանը նշել է, որ իր օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա:

Դիտարկմանը՝ եթե Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, իրենից էլ դա կպահանջեն, նա պատասխանեց. «Դա ենթադրություն է, իհարկե, բայց դե պարտադիր չի։ Երբ որ ներկայացվի նման պահանջ, այդ ժամանակ կմտածենք։ Հնարավոր է, որ դնեմ։ Եթե, օրինակ, պարոն Քյարամյանը, ինչպես ես հայտարարել եմ հրապարակավ անուններ տա և հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով, իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ իմ մանդատը, ես դա հայտարարել եմ։ Իսկ եթե չհրապարակի, ուրեմն առիթ չկա»,- ասել է նա:

Աղազարյանը նաև նշեց, որ վարչությունը չի կարող ասել, մանդատդ վայր դիր, այդպիսի լիազորություն չունի:

«Վարչությունը այդպիսի բան ասելու լիազորություն չունի, թե պարոն Աղազարյան Ձեր մանդատը վայր դրեք։ Կարող է հորդորել՝ պարոն Աղազարյան, հորդորում ենք, որ Ձեր մանդատը վայր դնեք։ Նման հորդոր եթե լինի, այդ ժամանակ կպատասխանեմ, վստահաբար չեմ կարող ասել կլինի, թե՝ ոչ»,- ասել է պատգամավորը:




Լրահոս