Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրակրթական հաստատություններում անցկացվում են դասալսումներ։ Աշխատանքներն իրականացվում է ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ ավելի շատ դպրոցներ են ընդգրկվել դասալսումների ցուցակում։

2022 թվականին նախատեսված է եղել 20, 2023 թվականին 30, իսկ 2024 թվականին առանձնացվել է 40 դպրոց։ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։

«Ծրագրի հիմնական նպատակն է խորհրդատվություների միջոցով աջակցել ուսուցիչներին, որ ուսումնական հաստատություններում տվյալ առարկայի դրվածքը, դասավանդման որակն ավելի բարձրանա։ Ընտրված են Մաթեմատիկա և Հայոց լեզու առարկաները։ Հաջորդ տարվա համար նախատեսվում է ավելացնել նաև բնագիտական առարկաները»,-ասաց Արսեն Բաղդասարյանը։

Դասալսումների ընթացքում դիտարկվում է թե ուսուցիչների աշխատանքը, թե աշակերտների ներգրավվածությունը, թե միջավայրը, անհրաժեշտ օժանդակ միջոցների առկայությունը և այլն։ Դասալսումների իրականացման համար տեսչական մարմինը մշակել է գործիքակազմ, որը ներառում է դասալսման ձևաթուղթ, գնահատման ուղեցույց, եզրակացության ձևաթուղթ:

«Դասալսումների ընթացքում մասնագետները վերհանում են բոլոր խնդիրները, քննարկում դրանք ուսուցիչների հետ։ Բարձրաձայնվում են տարաբնույթ խնդիրներ՝ դասը վարելու մեթոդական մոտեցումներ, աշակերտների մասնակցայնություն, առարկայական մասնագիտական հարցերի վերհանում։ Այն ուսուցչի մոտ, որտեղ դասալսում է իրականացվում, մեր խնդիրն է աջակցել, ուղղորդել, թե նրա մասնագիտական որ հմտությունները, կարողությունները լավարկելու անհրաժեշտություն կա, ինչն էլ դրական իմաստով կարող է ազդել կրթության որակի վրա»,-ասաց Արսեն Բաղդասարյանը։

Նա նշեց, որ կան խնդիրներ, որոնք երկարաժամկետ լուծումներ են պահանջում, կան խնդիրներ՝ կարճաժամկետ։ Դրանք բոլորը խմբավորվում են և ներկայացվում են շահագրգիռ բոլոր կողմերին։




Լրահոս