Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը տանուլ կտա Ռուսաստանի դեմ պատերազմը, եթե Վաշինգտոնը դադարեցնի ֆինանսավորումը։ Այս մասին նա նոյեմբերի 19-ի երեկոյան ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ «շատ վտանգավոր կլինի, եթե մենք կորցնենք միասնությունը Եվրոպայում, իսկ ամենակարևորն Ուկրաինայի և ԱՄՆ-ի միասնությունն է»:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր ընտրարշավի ընթացքում խոստացել է, որ կդադարեցնի ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմներին և փոխարենը հարկատուների փողերը կօգտագործի՝ բարելավելու ամերիկացիների կյանքը: Նա նաև ասել է, որ 24 ժամվա ընթացքում կավարտի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը՝ չմանրամասնելով, թե ինչպես:
«Եթե նրանք կրճատեն (օգնությունը), ես կարծում եմ, որ մենք կպարտվենք», – ասել է Զելենսկին Fox News-ին։ – «Իհարկե, ամեն դեպքում մենք կմնանք, կպայքարենք, մենք ունենք մեր արտադրությունը, բայց դա բավարար չէ հաղթելու համար և կարծում եմ՝ բավարար չէ գոյատևելու համար»:
Հարցին՝ արդյոք Դոնալդ Թրամփը կկարողանա՞ ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար, Զելենսկին պատասխանել է. «Դա հեշտ չի լինի, բայց այո, նա կարող է, քանի որ նա ավելի ուժեղ է, քան Պուտինը»։
«Պուտինն ավելի թույլ է, քան ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահն ունի ուժ, հեղինակություն և զենք, և նա կարող է նվազեցնել էներգառեսուրսների գինը», – ասել է Զելենսկին:
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան «շատ բարդ շրջան» է անցնում մարտադաշտում։
Հիմնվելով սոցիալական դաշտերում տարածված տեսանյութերի և զորքերի տեղաշարժերի վերաբերյալ հաղորդագրությունների վրա՝ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը եզրակացրել է, որ 2024 թվականին ռուսական ուժերը գրավել են Ուկրաինայի տարածքից 2700 քառ. կմ, մինչդեռ ամբողջ 2023 թվականի ընթացքում նրանք գրավել էին 465 քառ. կմ տարածք։
Ռուսական ուժերն արդեն սկսել են նաև դուրս մղել Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինական ուժերին։