2024 թվականի նոյեմբերի 20-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տարածված տեղեկության համաձայն՝ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը բողոք է հայտնել Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի նախագահությամբ Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը խափանելու Ֆրանսիայի փորձերի դեմ։
Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացը խաթարելու մեջ։
«Փարիզը ակտիվորեն զինում է Երևանին՝ խրախուսելով միլիտարիզմն ու ռևանշիզմը, ինչը հարված է երկու երկրների հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված քայլերը, որոնք վտանգում են կարգավորման գործընթացը», – նշվում է տեղեկատվության մեջ։