100 դրամանոցները՝ «պատուհաս». ինչքա՞ն մետաղադրամ կա շրջանառության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր պայման դարձավ 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդը։

Ի սկզբանե այս ամենը քաղաքացիների կողմից ոչ միանշանակ ընդունվեց և անգամ բողոքի ալիք բարձրացավ, քանի որ տրանսպորտային միջոցներից օգտվողների համար 100 դրամանոց գտնելը դժվարություն էր դարձել, իսկ QR կոդից օգտվելն այդքան էլ հեշտ չէր։

Մինչ այս պահը վերը նշված խնդիրները շարունակում են արդիական մնալ, քանի որ QR կոդերը շատ ժամանակ կա՛մ չեն աշխատում, կա՛մ որոշ խնդիրներով են աշխատում, իսկ 100 դրամանոցներն իսկական «պատուհաս» են։

ArmLur.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ կենտրոնական բանկին՝ պարզելու համար՝ ի՞նչ զանգվածով 100 դրամանոց մետաղադրամ կա շրջանառության մեջ։

Նոյեմբերի 12-ի դրությամբ՝ շրջանառության մեջ գտնվող 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների զանգվածը կազմում է շուրջ 3.48 մլրդ դրամ կամ շուրջ 34.800.000 հատ:

Հետաքրքիրն այն է, որ դեռ նոյեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը  վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):

Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30․694․500 ՀՀ դրամ, որից 1․970․900-ը վալիդատորների միջոցով։

Աննա Սրապիոնյան




Լրահոս