Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարները այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում հայտարարություն են տարածել Սիրիայում տիրող իրավիճակի` մասնավորապես Քեսաբի դեպքերի վերաբերյալ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Տարածված հայտարարության մեջ հեղինակները դատապարտում են Քեսաբում տեղի ունեցած բռնությունների դեպքերը` միաժամանակ կոչ անելով սիրիական հակամարտության մեջ ներքաշված ու շահագրգիռ կողմերին` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի լուծմանն ընդառաջ:
«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտում Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրման կապակցությամբ, որը դրսևորվում է կառավարական ուժերի և «Ալ Ղաիդա»-ի հետ կապ ունեցող ծայրահեղական խմբավորումների միջև հակամարտության արդյունքում, ինչը բերել է մարդկային զոհերի և մեծամասամբ հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի հազարավոր բնակիչների բռնի տեղահանմանը:
Վճռականորեն դատապարտում ենք իրականացված ահաբեկչական գործողությունները և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը: Հանդես ենք գալիս բռնության հնարավորինս արագ դադարեցման և փախստականների անվտանգ վերադարձի ապահովման օգտին:
Վստահ ենք, որ իրավիճակի կարգավորումը հնարավոր է արտաքին միջամտության և բռնության բացառման դեպքում, ինչպես նաև` քաղաքական լայն երկխոսության միջոցով, որը պետք է հաշվի առնի բոլոր սիրիացիների շահերը՝ անկախ ազգությունից և կրոնական պատկանելությունից:
Կոչ ենք անում շահագրգիռ և հակամարտության մեջ ներգրավված կողմերին` խստորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերը՝ հանուն արյունահեղության անհապաղ դադրեցման և Սիրիայում 2012-ի հունիսի 30-ին ընդունված Ժնևյան կոմյունիկեի հիմքի վրա քաղաքական կարգավորման»:
Հայտարարությունը ստորագրված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների կողմից:
Նաև հավելենք, որ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժեն հանդիպման սկզբում նշել է, որ հայտարարության տեքստը նախապատրաստել է հայկական կողմը: