«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԽՈՍԱՓՈՂ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի՝ գիշերը, կառավարությունից զանգահարել են վեց բարձրաստիճան պաշտոնյաների եւ ասել, որ պետք է հեռանան իրենց պաշտոններից։

 

Այս ամենը մեծ աժիոտաժ առաջացրեց եւ քննարկումների տեղիք տվեց, հնչեցին տարբեր կարծիքներ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը հեռացրեց 6 պաշտոնյաներին։

Հարցերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։

-Տիկի՛ն Սամսոնյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ վեց պաշտոնյայի, այդ թվում՝ ուժային կառույցների չորս ղեկավարների հեռացրեց աշխատանքից:

-Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, ինչպես ասաց ինքը, սակայն իրականում այդ համբերության բաժակի տակ թաքնված է, ոչ թե այն, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես դժգոհ է իր կադրերից, այլ այն, որ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, եւ այս իրավիճակում մինչեւ 2026 թվականը, եթե դիտարկում ենք հերթական ընտրությունները, իրեն անհրաժեշտ է վերագործարկում: Այդ վերագործարկումը կատարվում է դասական իմաստով. վարչապետը ցույց է տալիս իր կամքը առ այն, որ պատրաստ է փոփոխությունների եւ իր սխալներից դասեր է քաղում: Սակայն պետք է ցավով նշեմ, որ այս ամենը պետության համար որեւէ դրական ազդակ չի լինելու: Սա արվում է ոչ թե նրա համար, որ պետության գործերը վատ են, այլ նրա համար, որ իշխանության գործերն են վատ մինչեւ 2026 թվականը, քանզի նորից պիտի փորձեն ստանալ ժողովրդի քվեն:

-Կարելի է ենթադրել, որ հեռացված կադրերը Նիկոլ Փաշինյանին խանգարում էին 2026 թվականի ընտրություններին վերընտրվելու համար:

-Հեռացված կադրերը ոչ թե խանգարում էին, այլ նրանցից ոմանք վերջերս որոշակի սկանդալներում հայտնվեցին, մի մասը, միգուցե, ապագայում պետք է հայտնվեր սկանդալներում, եւ սա կանխարգելող քայլ էր Փաշինյանի կողմից: Առհասարակ ուժային կառույցների ղեկավարներն ավելի շատ են հայտնվում մարդկանց ուշադրության կենտրոնում, եւ այս քայլը քաղաքական տրամաբանության մեջ լիուլի տեղավորվում է:

-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ՔՊ-ական շատ պատգամավորներ, ինչպես իրենք են նշել այսօր (չխմբ.), տեղյակ չէին այս ամենի մասին:

-Կարող էին տեղյակ չլինել, քանի որ Փաշինյանը իր պատգամավորներին քաղաքական դերակատար չի համարում: Նրանք Ազգային ժողովում են՝ միայն որպես Նիկոլ Փաշինյանի խոսափողներ, սակայն Փաշինյանը այդ մարդկանց չի համարում իբրեւ լուրջ քաղաքական դերակատար, գործընկեր, ում հետ կարող է ինքը հաշվի նստել: Ես հասկանում եմ՝ ինչու, քանի որ իրենց սեփական քաղաքական կշիռը չունեն եւ Ազգային ժողովում իրենց ներկայությունը պայմանավորված է միայն Նիկոլ Փաշինյանի դերակատարմամբ: Հետեւաբար, ես այստեղ որեւէ զարմանալի բան չեմ տեսնում:

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

 

ՓՈԽՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

Նիկոլ Փաշինյանը հեղափոխական մուրճով մտել է պետական կառույցներ եւ պաշտոնանկությունների շքերթ սկսել:

Կիրակի՝ ուշ երեկոյան, հրապարակվեց պաշտոնյաների ցանկ, որոնց Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով տեղեկացրել է՝ դիմում գրեն եւ հեռանան:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված պաշտոնյաներն են՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը:

Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ ազատման դիմում է գրել:

Առաջ ընկնելով սպասվող պաշտոնանկություններից՝ երեկ՝ առավոտյան, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ հեռանում է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այս որոշումներն անակնկալի են բերել թե՛ նախարարներին, թե՛ ամբողջ ՔՊ-ին, քանի որ Փաշինյանը նրանց նախապես ոչինչ չի զգուշացրել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերոնշյալ պաշտոնյաների ազատման դիմումներն արդեն գրված են, մնում է Փաշինյանը հաստատի դրանք:

Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ պաշտոնանկություններ են սպասվում, քանի որ ուրբաթ օրը կայացած Կառավարության նիստում Փաշինյանն ակնարկել էր՝ «իմ համբերության բաժակը լցվել է, ես որոշումներ եմ կայացնելու»:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՅՏՆԻ Է

Նիկոլ Փաշինյանի գիշերային կադրերի ջարդի ֆոնին մի հարց է մնում անհասկանալի. եթե ՔՊ-ն մոտ 1 ամիս արդարադատության նախարարի թեկնածու չէր կարողանում գտնել, 6 պաշտոնյաների անակնկալ հեռացնելով՝ ումո՞վ է փոխարինելու նրանց:

Իհարկե, արդեն նշմարվում են պատկերներ, թե ովքեր որ պաշտոններին են նշանակվելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում Կարեն Անդրեասյանին կփոխարինի Նիկոլ Փաշինյանի քավոր (Տավուշի մարզպետ եւ ԱԺ պատգամավոր) Ղալումյանների հորաքրոջ որդին՝ ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը:

Նա 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այսինքն՝ ԲԴԽ գործող անդամ է եւ մեծ դժվարություն չի լինելու նրան ղեկավար կարգելը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Արթուր Աթաբեկյանը 2024թ. փետրվարի 12-ին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Այնպես որ, այս կարեւորագույն պաշտոնի հարցը լուծված է:

 

 




Լրահոս