«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս Արտաշատի կարգապահական զորամասում ինքնասպան եղած զինվորի մայրը ինքնավնասման է գնացել: Նա մկնդեղ է կերել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել մահացած զինծառայողի մորը:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեւավորվել է քննչական խումբ:
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են երկու տասնյակից ավելի փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին: Քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության hատկապես կարեւոր գործերի քննության վարչություն:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Ռազմական ոստիկանության կարգապահական զորամասում, կամ բոլորին հայտնի «գուբախտում» զինվորի ինքնասպանության դեպքից։
Մասնավորապես, սենյակում նա եղել է մենակ ու ինքնասպանություն է գործել սավանի միջոցով։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ նա կարգապահական զորամասում հայտնվել է ծառայակիցների հետ վիճաբանելու համար ու դեպքի օրը նա պետք է գնար զորամաս, սակայն նրան գտնում են կախված վիճակում։
Իրավապահների մոտ կասկածներ ու հարցեր են առաջացել, որ նա միշտ աչքի է ընկել համարձակ կեցվածքով ու դժվար թե ծառայակից զինվորների հետ կոնֆլիկտ ունենալու ու զորամաս վերադառնալու համար վախեր ունենար, ավելին՝ նա մի քանի ամսից զորացրվելու էր։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության ենթակայության տակ գտնվող կարգապահական զորամասում գտել են ժամկետային զինծառայողի դի՝ ըստ նախնական վարկածի՝ կախված վիճակում։
Վերջինս Նարեկ Գրիգորյանն է, ով 6 ամսից պետք է ավարտեր ծառայությունը։
ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը փոխվել է բանտային կալանքով, տեղեկությունը «Ազատության»-ը հաստատեց ընտանիքի փաստաբան Տիգրան Գրիգորյանը եւ նշեց՝ Վերաքննիչ դատարանի այս որոշումը կմեկնաբանի ավելի ուշ։
Տեղեկությունը հաստատում է նաեւ դատախազությունը:
Խաչատուր Բալասանյանը հոկտեմբերի 11-ին էր ձերբակալվել «Զվարթնոց» օդանավայականում ԱՄՆ մեկնելու ճանապարհին։ Ապա առաջին ատյանի դատարանը 70 մլն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակել, ինչը դատախազությունը բողոքարկել էր։
Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրու Սեվ բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձինք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հողատարածքն ապօրինի օտարելու համար։
ԵՂԲԱՅՐԸ ԿՐԱԿԵԼ Է ԵՂԲՈՐԸ ՈՒ ԶՐԿԵԼ ԿՅԱՆՔԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Աջափնյակի կրակոցներից։ Եղբայրը կրակել է եղբոր վրա ու նրան զրկել կյանքից։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ Աջափնյակում հայտնի «Վլե»-ի ավտոլվացման կետի մոտ են գնացել մի խումբ տղաներ հարցերի պարզաբանման նպատակով։ Լվացման կետը պատկանել է Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը, որը նույնպես դեպքի վայրում է եղել՝ իր ընկերների կողքին լինելու ու նրանց հետ վեճի եկած անձանց, ըստ էության, պատասխան տալու համար։
Արդյունքում՝ ավտոլվացման կետի մոտ հնչել են կրակոցներ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, որը կռվի է գնացել եղբոր հետ, հանել է զենքն ու կրակել, ինչի հետեւանքով փամփուշտը դիպել է իր եղբորը։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։
Shamshyan.com-ը գրել էր, որ նոյեմբերի 16-ին սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Կրակոցներից մեկ անձ սպանվել է։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով, ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից: Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք:
«Հրապարակ»-ն էլ գրել էր, որ իր տեղեկություններով՝ սպանության վայրում է եղել եւ այս թեմային մասնակից է եղել նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: