ԱՄՆ-ն նախապես տեղեկացվել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման մասին. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն Ռուսաստանից նախապես ծանուցում է ստացել Ուկրաինայի տարածք առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռի արձակման մասին։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Միացյալ Նահանգներն արձակումից կարճ ժամանակ առաջ նախազգուշացվել է միջուկային ռիսկի նվազեցման ալիքների միջոցով», – ասել է նա նոյեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում:

Նա նաև վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային և երկրին ռազմական օգնության նոր փաթեթներ ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնավարմանը մնացած ժամանակահատվածում։

Պենտագոնի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ռուսաստանի կողմից բալիստիկ նոր հրթիռի արձակումն, «անշուշտ, մտահոգում է մեզ»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի տեսաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին։

Իսկ Ռուսաստանի կողմից հաստատված նոր միջուկային դոկտրինի առնչությամբ Սինգհը հայտնել է, որ ԱՄՆ-ն որևէ կերպ չի փոխել իր միջուկային դիրքավորումը՝ ի պատասխան Մոսկվայի այդ քայլի։




Լրահոս