Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի մամուլի հետ աշխատանքի հարցերով օգնական Էլի Ֆելդշտեյնը կարող է ցմահ բանտարկության դատապարտվել ազգային անվտանգությանը վնասելու համար։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Պարբերականի տվյալներով՝ Ֆելդշտեյնը, որը համարվում է գլխավոր կասկածյալը, մեղադրվում է պետությանը վնաս հասցնելու նպատակով գաղտնի տեղեկատվություն փոխանցելու, գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի ապօրինի պահման և արդարադատությանը խոչընդոտելու մեջ։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։
Ըստ հրապարակման՝ այդ գործով ևս մեկ կասկածյալի՝ Իսրայելի պաշտպանության բանակի պահեստայինի, որի անունը չի հրապարակվել, սպառնում է 7 տարվա ազատազրկում՝ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար։
Մեղադրող կողմը ենթադրում է, որ Ֆելդշտեյնը ռազմական հետախուզության չորս զինծառայողների միջնորդությամբ գաղտնի տվյալներ է ստացել Իսրայելի պաշտպանության բանակի տվյալների բազայից և դրանք փոխանցել Իսրայելի վարչապետի գրասենյակ: Հրապարակման մեջ նշվում է, որ նա այդ փաստաթղթերից մեկը նաև հանձնել է Bild հրատարակությանը:
Ըստ NBC News-ի՝ փաստաթղթերը կապված են եղել ՀԱՄԱՍ-ի հետ և նպատակ են ունեցել ԶԼՄ-ներում հրապարակվելու միջոցով ցույց տալ, որ իսրայելցի պատանդների ընտանիքների ցույցերը ձեռնտու են պաղետինյան շարժմանը։
Նոյեմբերի 21-ին հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կոալիցիայի նախարարներ և պատգամավորներ, ցույց են անցկացրել Թել Ավիվի շրջանային դատարանի առաջ՝ ի աջակցություն Ֆելդշտեյնի և ձերբակալված զինվորականի։