ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանից եւ իշխանություններից մի շարք խոշոր գործարարներ նեղանում են ու հեռանում: Բազմաթիվ ծրագրեր կիսատ են մնացել, Հայաստանը զրկվել է տարաբնույթ ներդրումներից, եւ հետաքրքիր է, որ որեւէ մեկը չի արձագանքում այս երեւույթին:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հայաստանից նեղացան Քըրք Քըրքորյանը, Ժիրայր Գաֆեստճյանը, Կարեն Կարապետյանները (Երեւանի նախկին քաղաքապետ եւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար), Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, Լեւոն Հայրապետյանը եւ այսպես շարունակ: Եւ ի՞նչ պետք է անի գործող ռեժիմը` երկրից նեղացածներին վերադարձնելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ առաջին հերթին  պետք է ամեն ինչ անել, որ պայմանները լավանան: Ինքս լինելով գործարար` շատ գործարարների եմ հրավիրել Հայաստան  համագործակցության նպատակով, սակայն բոլորը փախել են էստեղից: Կոնկրետ չեմ կարող ասել, թե կա արդյոք որեւէ միջոց նրանց վերադարձնելու համար, քանզի համարում եմ, որ պետք է փոխվի օրենսդիր դաշտը: Այն պետք է լինի ազնիվ ու լավը, որ կարողանա պահպանել գոնե այն գործարարներին, որոնք դեռ պատրաստ են Հայաստանում գումարներ ներդնել: Կարծում եմ, որ օրենսդիր դաշտը  պետք է աշխատի բոլորի համար, իսկ դատարաններն էլ պետք է լինեն անկախ:  

ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
 գործարար

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ լավագույն տարբերակը գործող իշխանության  հրաժարականն է, քանի որ կոռումպացված է պետական ապարատը: Այսինքն` այս ամենից կարելի է հանգել այն եզրակացության, որ քանի դեռ այս երկրի ղեկն իրենց ձեռքն են վերցրել այս իշխանությունները, նրանց վերադարձնելու մասին անգամ խոսք լինել չի կարող, քանի որ նրանք չեն կարող ստեղծել այն մթնոլորտը, որ ներդրումային ծախսերը ծառայեն իրենց նպատակին:   

 ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀԱԿ անդամ


ՊԱՏԱՍԽԱՆ. Խնդիրն այն է, որ երկրում առկա է անօրինականությունը: Եւ սա է պատճառը, որ Հայաստանը ներդրողների համար չի կարող հրապուրիչ լինել: Սփյուռքահայ ներդրողները, հայրենասիրական նկատառումներից ելնելով, կարող են մի քանի անգամ գումարներ ներդնել: Սակայն ինվեստը մնում է ռացիոնալ գործունեության տեսակ, ուր ներդրողները պետք վստահ լինեն ոչ միայն այն փաստին, որ իրենց ներդրումները հասնեն Հայաստան, այլեւ նպատակին ծառայեն: Ես կարծում եմ, որ դա է պատճառը, որ ստացվում է այս պատկերը, եւ օրենքի տեսակետից այս առումով ոչինչ չի արվում: Դժվար թե այս ռեժիմին հնարավոր լինի նրանց հետ վերադարձնել: Հայաստանը բիզնեսի ոլորտում ներդրողների համար հուսալի երկիր չէ: Ես կարծում եմ, որ սա մի վայր է, ուր քաղաքականությունը դարձել է թիվ մեկ  բիզնեսը:   

 ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության ղեկավար

ՊԱՏԱՍԽԱՆ.  Նախ պետք է հստակ պարզել` արդյոք ձեր կողմից հիշատակված մարդիկ կատարում են ներդրումներ եւ շարունակելու են հետագայում եւս ներդրումներ անել: Միայն հստակ ուսումնասիրությունից հետո կարելի է տալ որոշակի պատասխան: Չեմ կարծում, որ նրանք նեղացել եւ հեռացել են Հայաստանից: Ասեմ, որ չի եղել նման մի դեպք, որ մենք ներդրողների հետ որեւէ խնդիր ունենանք: Միայն կարող եմ փաստել մի բան, որ շնորհիվ  վերոնշյալ մարդկանց` Հայաստանի տարբեր տարածքներում բացվել են նոր աշխատատեղեր: Հույս ունեմ, որ այդ ներդրումային ծրագրերը  կշարունակվեն նաեւ հետագայում:  

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
Պատրաստեց՝ ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս