ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի՝ «Լավանդայի Արայիկի» դեմ հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեում դեռ շարունակվում է:
Ի՞նչ է քննում գրեթե մեկ տարի նախաքննական մարմինը եւ ինչու է առաջնորդվում՝ ըստ քաղաքական ճաշակի:
Բանն այն է, որ եթե պետք է, օրինակ, պատժեն «Լավանդայի Արայիկին», ուրեմն չեն խնայի, եթե ոչ՝ ապա տարիներով գործը կքննեն:
Հիշեցնեք, որ 2023 թ-ի նոյեմբերի 23-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննությամբ պարզվել է՝ ֆիզիկական անձ Ա. Հ.-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն. Ա.-ի անվամբ իրականացրել է կառուցապատման և բնակարանների օտարման գործունեություն Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/10, 1/31, 1/32, 1/34, 1/38, 1/40, 1/41, 1/42 հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։ Նախնական համաձայնությամբ հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, բնակարանների օտարման գործարքների փոխարեն նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետևանքով պակաս է հաշվարկել և չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումներով Ա. Հ.-ն և Ն. Ա.-ն ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ վարութային և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման ներքո վերջիններիս կողմից ներկայացվել է շուրջ 500 մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների վերաբերյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ, և պետական բյուջե է վերականգնվել շուրջ 250 մլն ՀՀ դրամ գումար:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ «Պրեմիում Հաուս» թաղամասի կառուցապատողը հայտնի գործարար «Լավանդայի Արայիկն» է՝ Արայիկ Հայրապետյանը։ Նա Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ի անդամ էր, իշխանափոխությունից հետո հարմարավետ տեղավորվել էր նոր իշխանության «սրտի օլիգարխների» շարքերում` ՔՊ-ի տանիքի տակ։ Կարծես թե, «իրավիճակ է փոխվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան