ՄԱԶԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լուրեր տարածվեցին, որ Հաղթանակ գյուղում մի խումբ գինովցած  երիտասարդներ ցանկացել են գնալ ՀՀ ԶՈՒ Լուսակերտի զորամաս` իրենց զինծառայող ընկերոջը տեսնելու: Վերջիններիս դա չի հաջողվել, ինչի հետեւանքով  զորամասի աշխատակազմի եւ երիտասարդների միջեւ վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` միջադեպը սկսվել է այն պատճառով, որ նորակոչիկներից մեկը մազերը կտրելուց հետո չի «ավլել» գետնին թափված իր մազերը, հետո զանգահարել է եղբորն ու օգնություն խնդրել: Օրվա կարգացուցակով նախատեսված ժամին զորամասի նորակոչիկների արտաքին տեսքը հարդարելիս ժամկետային զինծառայող, սերժանտ Արտակ Փիրուզյանը հանձնարարել է նորակոչիկներին, որպեսզի յուրաքանչյուրը մազերը կտրելուց հետո մաքրի հատակը: Նորակոչիկ Հարությունյանը պատասխանել է, թե եթե մազ կտրող ունեն, ուրեմն նա էլ պետք է հավաքի հատակը, եւ իրենք չէ, որ պետք է դա անեն: Փիրուզյանը պատասխանել է, որ դա բոլորի համար սահմանված կարգ է, եւ իրենք պարտավոր են դա անել:
Հարությունյանը մազերը կտրելուց հետո մաքրել է հատակը, ինչից հետո նեղսրտած զանգահարել է եղբորը` Հայկ Հարությունյանին, եւ պատմել տեղի ունեցածի մասին` ճշտելով, թե արդյոք հատակը մաքրելով` ինքը ճիշտ քայլ է կատարել, թե ոչ: Եղբայրը պատասխանել է, որ նա չանհանգստանա, ինքն ամեն ինչ կկարգավորի: Եւ կարգավորումը եղել է այն, որ նորակոչիկի եղբայրը մի մեծ «թիմ» է հավաքել ու եկել զորամաս` եղբորը պաշտպանելու:
Երեկ արդեն ՊՆ-ն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց. «ՊՆ N զորամասից ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժին նոյեմբերի 20-ին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19:20-ի սահմաններում, քաղաքացիական անձանց կողմից վրաերթի է ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Սանթոյանը: Նույն օրը պարզվել է, որ  ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Հարությունյանին տեսակցելու է եկել նրա ավագ եղբայրը` Հայկ Հարությունյանը, իր ընկերների հետ, որոնք ցանկացել են մուտք գործել զորամաս, եւ արդյունքում զորամասի զինծառայողների ու քաղաքացիական անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի»:
Ծեծկռտուքի ընթացքում զորամասի ժամկետային զինծառայողներ Գարուշ Վաղարշակյանը, Սամվել Խուդոյանը, Հարություն Սեդրակյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Քաղաքացիական անձինք փախուստի են դիմել, ինչի ընթացքում իրենց ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել ժամկետային զինծառայող Սանթոյանին, ով նախ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, ապա ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաեւ քաղաքացի Հարություն Թորոսյանը, ով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, հետո «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործեր են հարուցվել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս