Նոյեմբերի 15-ին, լեհ նշանավոր գրող Հենրիկ Սենկեւիչի հիշատակի օրն էր։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է գրողի կյանքից հետաքրքիր դեպքեր, վերջինիս հայտնի ստեղծագործությունները եւ հետաքրքիր մտքերը։
Սենկեւիչը հայտնի է իր մեծածավալ պատմական վեպերով, որոնցից ամենահայտնիներն են՝ «Հո՞ երթաս» (Քվո վադիս) եւ «Խաչակիրներ»։
Ինչի՞ մասին է «Հո՞ երթաս» վեպը, որը աշխարհահռչակ երկ է եւ վայելում է շատերի ուշադրությունը եւ բոլոր ժամանակների չմահացող դասականներից է։ Վեպի վերնագիրը վերցված է լատիներեն ավանդությունից, որը վերաբերում է Սուրբ Պետրոսի հայտնի խոսքին ուղղված Հիսուսին՝ «Quo vadis, Domine?»՝ «Ո՞ւր ես գնում, Տեր»: Այն պատմում է հռոմեացի պատրիկոս Մարկոս Վինիցիուսի եւ քրիստոնյա աղջիկ Լիգիայի սիրո մասին, որոնք ապրում էին հռոմեական կայսր Ներոնի դարաշրջանում։ Վեպն անդրադառնում է քրիստոնեության ծագմանը, հեթանոսական Հռոմի բարոյական անկմանը եւ հավատքի ուժին։ Այն նաեւ պատկերում է վաղ քրիստոնյաների պայքարը, Ներոնի դաժան հալածանքները եւ սիրո հաղթանակը՝ ֆիզիկական եւ հոգեւոր մակարդակներում։
Այս ստեղծագործությունը ավելի ուշ գրողին բերեց մեծ հաջողություն։ 1905 թվականին նրան շնորհվեց «Նոբելյան» մրցանակ գրականության բնագավառում։ Սենկեւիչն այս առիթով համեստորեն հայտարարեց, որ այդ մրցանակը ոչ թե իր, այլ Լեհաստանի համար է, որը այդ ժամանակ բաժանված էր եւ չէր վայելում անկախություն։
Այսպիսով՝ Սենկեւիչի կյանքը միայն գրականության հանդեպ նվիրում չէր. նա նաեւ ակտիվորեն պաշտպանում էր լեհական մշակույթն ու ազգային ինքնությունը։
Նշենք, որ Նյու Յորքի Բրոդվեյում վեպը վերածվեց թատերական բեմադրության, որը մեծ ազդեցություն թողեց ամերիկացի հանդիսատեսի վրա։ Թատերական ներկայացման ընթացքում նույնիսկ օգտագործվում էին կենդանի առյուծներ՝ հանդիսատեսին իրական եւ ֆանտաստիկ զգացողություն փոխանցելու համար։
Վեպն արժանացել է մեծ ժողովրդականության եւ բազմաթիվ էկրանավորումների, ինչպիսին է 1951 թվականի հոլիվուդյան ֆիլմը, որը հայտնի դարձավ նաեւ միջազգային մասշտաբով։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նաեւ վեպից մի քանի հետաքրքիր մտքեր.
l Հավատը ոչ թե միայն մտածելակերպ է, այլ այն լույսն է, որը լուսավորում է ամբողջ ճանապարհը, նույնիսկ մթության մեջ։
l Սերը չի ենթարկվում ո՛չ ժամանակին, ո՛չ իշխանությանը. այն ուժ է, որը չի կարող հաղթվել։
l Հավերժությունը սկսվում է այն պահին, երբ մարդը կարողանում է հաղթահարել իր վախը եւ իր մեջ գտնել սերը։
l «Նրանք մահանում էին, բայց հաղթում էին, որովհետեւ իրենց սրտերում կար մի բան, որը ոչ մի կայսր չէր կարող խլել։
l Հռոմը՝ իր փառքի գագաթնակետին, նման է խորտակվող նավի, որը զարդարված է ոսկով, բայց ներսից արդեն փտած է։
l Մարդու համար չկա ավելի մեծ ուժ, քան հույսը, որը երբեք չի լքում նրան, անգամ ամենամութ ժամին։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ «ԳՈՅ»-Ի ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
Ավելի քան 2 շաբաթ է, ինչ «Գոյ» թատրոնը շարունակում է նստացույցը։ Նստացույցը սկսվել է նոյեմբերի 2-ից։
Շուրջ 10 օր տեւած նստացույցի ժամանակ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի գլխավորությամբ դիմել են տարբեր կառույցների՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակից սկսած։
Հավելենք նաեւ, որ օրերս էլ «Գոյ»-ի անձնակազմը ՀՀ ԿԳՄՍՆ շենքի մոտ էր՝ տեսնելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, սակայն հանդիպել են ԿԳՄՍՆ տեղակալ Դանիել Դանիելյանին։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի 23 դերասաններ դիմել էին ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարության գործողությունները եւ որպես հետեւանք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից սույն թվականի հունվարի 30-ին Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված կազմակերպությունների «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ «ԳՈՅ» ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները ոչ իրավաչափ ճանաչել»։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ