ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ. ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում իրավիճակը թեժ է ոչ միայն կառավարական ճյուղում, այլ նաեւ ՏԻՄ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նոյեմբերի 12-ին կայացած իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում մի նոր սկանդալ է գրանցվել:

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։

Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Սարուխանյանի հետազոտության արդյունքները դրական պատասխան են ցույց տվել, այսինքն՝ արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը եւ նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգեւ Գեւորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաեւ Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ. եւ նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը կրկին չհերքեց թմրանյութի թեստի դրական արդյունքի մասին լուրերը, բայց նաեւ չհաստատեց։ Պատգամավորը կրկին հետաքրքրվում էր ՔՊ վարչությունից ստացված մեր տեղեկությունների աղբյուրից, սակայն չէր անհանգստանում սեփական հեղինակության համար։

Մեր ուղիղ հարցին. «Ձեր թեստի արդյունքները դրակա՞ն են եղել, թմրանյո՞ւթ եք օգտագործել», ՔՊ-ական պատգամավորը չհերքեց, հարցն անպատասխան թողեց՝ հետաքրքրվելով՝ «փակ նիստից ո՞նց կարող եք դուք բաներ իմանալ»:

 

 

 

 

Գրեթե բոլոր ՔՊ-ականներն իրենց իրականացրած հեղափոխությունից անմիջապես հետո ձեռք բերեցին մեկ եւ ավելի բնակարաններ։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ներկայացրած հայտարարագիրը, արձանագրեց, որ այն բաղկացած է քաղաքացիական օրենսգրքի գրեթե բոլոր տեսակի գործարքներից. ՔՊ-ական պատգամավորը նվերներ է ստացել հարսանիքի հյուրերից, քրոջից, մորից, ստացել է նաեւ ժառանգություն, վարկ եւ այլ եկամուտներ։ Սրանից ինչ եզրակացություն կանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սպասենք առաջիկայում, քանի որ իշխանականների գրեթե բոլոր հայտարարագրերի հիման վրա վարույթներ են հարուցվում, ապա կարճվում։ Բայց մենք պետք է արձանագրենք, որ չկա մի ՔՊ-ական հայտարարատու պատգամավոր, որի բարեկեցությունը շեշտակի աճ չի գրանցել, այն դեպքում, երբ կենսաթոշակառուների համար արդեն 2-րդ տարին է ինչ գումար չկա բյուջեում, մինչ այդ էլ ավելացել էր ընդամենը ծիծաղելի 3 հազար դրամով։ Ինչ վերաբերում է, տվյալ դեպքում, Եղոյանի եկամուտների աղբյուր հանդիսացող «հարսանիքի հյուրերին», ապա տեղեկացնենք մոլեռանդ հեղափոխականներին, որ նախկինների ժամանակ էլ էին «հյուրերը» նորապսակներին գումար, թանկարժեք նվերներ տալիս, ինչը մերժում էր Արման Եղոյանի հեղափոխական թիմը:

Այս ամենին ի պատասխան՝  Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Դուք հարսանիք չե՞ք գնացել, դրանք մի քանի անձից տրված գումարներ են տարբեր քանակի՝ մեկից 50 դոլար, մեկից 100 դոլար։ Արդյունքում ձեւավորվել է 1 մլն 200 հազար դրամ»։

Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը արման Եղոյանից փորձեց պարզել, թե ինչու է թանկարժեք նվերներ ընդունել եւ ինչ նվերներ են դրանք։

Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասն նկարագրել է հարսանեկան նվերներից զատ այլ եկամուտների նպատակը, քանի որ աղբյուրները անհատներ էին։ Առաջին նվիրատվությունը Նոնա Եղոյանից է՝ 900 հազար դրամ։

«Նոնա Եղոյանը քույրս է, որի հետ միասին մարում ենք մեր ընդհանուր ընտանեկան վարկը, եւ այդ գումարը նվիրատվություն է արել վարկ մարելու համար», – ասաց Եղոյանը։

Հաջորդ նվիրատվությունը Եղոյանը ստացել է Նելլի Սիմոնյանից։

«Հայրս, մինչեւ մահանալը, նախորդող մեկ տարին կենսաթոշակը չէր ստացել եւ կուտակել էր։ Հայրս զինվորական էր եւ բարձր թոշակ էր ստանում՝ գրեթե 300 հազար դրամ։ Հորս մահից հետո այդ կուտակված գումարը ժառանգությամբ փոխանցվեց ինձ, մորս եւ քույրերիս, որպեսզի բանկային փոխանցումներում խուսափենք հետագա խնդիրներից, այսպես ենք գրել»,- եզրափակեց Եղոյանը։

Թեեւ Արման Եղոյանը մեզ  հետ զրույցում ասաց, որ իր հայտարարագրում կոռուպցիա չփնտրենք, ասելով՝ «կոռուպցիա իմ մոտ չկա», սակայն արձանագրենք, որ նախկինների նվիրատվությունները բազմիցս քննադատվել են, իսկ ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը կիրակի՝ գիշերը, հասկացել է, որ պետք է հեռանա, պատրաստել է հրաժարականի իր տեքստը: Մինչեւ հրապարակելը՝  նա գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորների եւ ՍՄՍ-ով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Իսկ արդեն առավոտ կանուխ՝ դեռ աշխատանքային ժամը չսկսված, միանգամից հրապարակել է իր հրաժարականի տեքստն ու հրաժեշտ տվել բաղձալի պաշտոնին: Թեեւ նրան եւս, ըստ ամենայնի, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զանգահարել եւ «գիշերային շնորհակալություն» է հայտնել համատեղ աշխատանքի համար:

 

 

 

56-ամյա կնոջ մահից հետո «Արթկոսմեդ»-ը կրկին վերսկսել է վիրահատությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը տեսչական գործողություններ չի իրականացրել նշված կլինիկայում, իսկ դեպքից անցել է մեկ ամիս։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ «Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում։ Նախարարը նշեց, որ ԱՆ-ն (առողջապահության նախարարություն) բժշկական հաստատություններում կամ էսթետիկ վիրաբուժության կլինիկաների լիցենզավորման ոլորտում ավելի խիստ պահանջների է դիմում։ Եվ սա այն բանից հետո, երբ «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում։ Տեսչական մարմնի արված գործողությունների արդյունքը չերեւաց, քանի որ 1 ամիս անց այս կլինիկայի բժիշկ Արթուր Սարգսյանը կրկին անխոչընդոտ նույն վիրահատություններն է անում։ Տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քայլեր ձեռնարկվել են, դրանք ընթացքի մեջ են։ Մեկ այլ տեղեկությամբ՝ տեսչական մարմինը ստուգումներ չի անցկացնում, քանի որ «Արթկոսմեդ» կլինիկան 19-րդ պոլիկլինիկայից պետք է տեղափոխվի Կենտրոն վարչական շրջան։ Հիշեցնենք, որ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը 56-ամյա Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար: Սովորաբար, բժշկական կենտրոնը պետք է պատշաճ վերակենդանացման բաժանմունք ունենա, որ հավանական խնդիրների դեպքում անմիջապես կարողանա կայունացնել բուժառուի վիճակը. «Արթկոսմեդ»-ում բուժառուի վիճակի վատթարացումից հետո վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։ Կլինիկայում գրանցված մահվան առաջին դեպքում քրեական վարույթը նախաձեռնվել էր 2023թ. հոկտեմբերի 20-ին։




Լրահոս