ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ից 15-ը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Վրեժ Շառոյանը (Սիրիա), գործկոմի անդամ Ավո Թոքատլյանը (Արգենտինա) եւ Ուրուգվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիամ Գեւորգյանը հանդիպումներ ունեցան Ուրուգվայի հայ համայնքի, Հ.Մ.Ը.Մ.-ի, Հ.Մ.Մ-ի, Բարեգործական միության եւ Եկեղեցու ներկայացուցիչների հետ: Քննարկվեց Համահայկական խաղերին ուրուգվահայ համայնքի մասնակցության հարցը, որը վերջին տարիներին բավական պասիվ էր: Արդյունքում` միաձայն լիազորեցին դեսպանին ընտրելու այն անձնավորությանը, ով կհամակարգի աշխատանքները, եւ համայնքը լիարժեք կմասնակցի 2027թ.-ի ամառային 9-րդ խաղերին:

 

Այնուհետեւ, Համահայկական մարզական ավանի շինարարության, հետագա աշխատանքներին ներգրավելու եւ համագործակցության առումով չափազանց արդյունավետ հանդիպում կայացավ «Քորփորացիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ: Պրն. Էռնեկյանը շնորհավորեց Իշխան Զաքարյանին Համահայկական «Վիլիջ»-ի գաղափարի համար` խոստանալով, որ կհրահանգի հայաստանյան իր կառույցներին կապ հաստատել կոմիտեի հետ համագործակցության նպատակով:

Նոյեմբերի 16-ից պատվիրակության այցը շարունակվեց Արգենտինայում: Հայ բարեգործական միության կենտրոնական գրասենյակում հավաքվել էին արգենտինահայ համայնքի բոլոր ներկայացուցիչները: Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Հ.Մ.Ը.Մ-ի, բարեգործականի, Հ.Մ.Մ-ի. եւ եկեղեցու ներկայացուցիչներին համահայկական խաղերում միասնականության եւ լավ աշխատանքի համար: «Դուք համահայկական խաղերին մասնակցում եք մեծ թիմով` կազմակերպված ու ակտիվ: Շնորհակալ եմ բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհակալ եմ գործկոմի անդամ Ավո Թոքատլյանին աշխատանքները լավ կազմակերպելու համար», – նշեց կոմիտեի նախագահը: Այնուհետեւ մասնակիցները դիտեցին Համահայկական մարզական ավանի գաղափարի մասին պատմող տեսանյութը:

«Համահայկական մարզական ավանը լինելու է Հայաստան-Սփյուռք երիտասարդության տունը Մայր Հայրենիքում, ուր բոլորը շուրջ մեկ ամիս ապրելու են միասին` մեկ հարկի տակ, մեկ ընտանիքի պես»,- իր ելույթում ասաց Իշխան Զաքարյանը` ավելացնելով, որ ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանի եւ Համահայակական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի հետ շատ մանրամասն քննարկել են այդ գաղափարը, որն արժանացել է հավանության: Ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին պրն. Զաքարյանին, որոնց տրվեցին սպառիչ եւ գոհացուցիչ պատասխաններ: Արգենտինահայ համայնքը սիրով համաձայնեց մասնակցելու «Վիլիջ»-ի կառուցման համար նախատեսվող միջոցառումներին:

Նոյեմբերի 17-ին պատվիրակության անդամները այցելեցին Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական գրասենյակ, ծանոթացան մարզական կառույցներին, լսեցին խաղերի ծրագրում նոր մարզաձեւեր ընդգրկելու առաջարկներ: Իշխան Զաքարյանը գրառում կատարեց Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական գրասենյակի պատվավոր հյուրերի գրքում:

Նոյեմբերի 18-ից 20-ը նախատեսվում են հանդիպումներ արգենտինահայ գործարար շրջանակների հետ, որից հետո պատվիրակությունը կմեկնի Բրազիլիա:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակություն

 

 

 

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 4 ՏԱՐԻ ԱՆՑ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Տավուշի մարզի քանի՞ բնակիչ է զոհվել, քանի՞սն է համարվում անհետ կորած, գերի։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզի համայնքների զոհված զինծառայողների թվաքանակի վերաբերյալ տեղեկության հավաքագրում մարզպետի աշխատակազմի կողմից չի իրականացվել՝ նման գործառույթ չունենալու հիմքով։ Անհրաժեշտ է խնդիրը ներկայացնել համապատասխան լիազոր մարմնին՝ ՀՀ պաշտպանության նախարարություն»։ Հայկ Ղալումյանը անհայտ պատճառով ժամկետային զինծառայություն չի անցել, 1990-ականների ազատամարտին չի մասնակցել։ 2020 թ. հոկտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց բոլոր հայ տղամարդկանց՝ նրանց կոչ անելով զենք վերցնել եւ մեկնել Արցախ։ Առաջիններից մեկն արձագանքեց նրա հարսանիքի քավոր, այդ ժամանակ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը։ Վերջինս հետեւյալ կոչով դիմեց իր հայրենակիցներին. «Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «Իջեւան» կամավորական ջոկատ։ հայրենիքի առջեւ իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին։ Կոչ եմ անում բոլորիդ համախմբվել եւ միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը։ Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար»։   Հավաքագրվեց «Իջեւան»  կամավորական  ջոկատը մոտ մեկ շաբաթ անտառներում մարզվելուց հետո ոչ Արցախ մեկնեց, ոչ էլ՝ Տավուշի սահմանագոտի։ Այդ ջոկատի անդամները մի քանի ամսվա աշխատավարձ ստացան։ 44-օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց Տավուշի մարզպետը անտեղյակ է պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած տավուշցիների թվից եւ այդ առթիվ առաջարկում է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՋՐՀԵՂԵՂԻ՞

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին նոյեմբերի 7-ին հարց ենք ուղղել, թե 2025 թվականի պետբյուջեով նախատեսվա՞ծ են Դեբեդ, Աղստեւ գետերի ափերի ամրացման աշխատանքներ, եթե այո, որքա՞ն գումար է նախատեսված այդ նպատակով։ Մարզպետարանից պատասխանել են. «Դեբեդ եւ Աղստեւ գետերի ափերի ամրացման նպատակով նախատեսված գումարի չափը դեռեւս հաստատված չէ»: Այս տարվա մայիսի 27-ի ջրհեղեղը Լոռու եւ Տավուշի մարզերում 4 մարդու զոհվելու, նյութական մեծ վնասների պատճառ եղավ։ Փոխանակ Դեբեդ, Աղստեւ գետի ափերը հրատապ կերպով ամրացնեն՝ սպասում են նոր ջրհեղեղի՞։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս