ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ռուսական արվեստի եւ Վանաձորի կերպարվեստի թանգարանները, կարեւորելով միջթանգարանային համագործակցությունը, Վանաձորում արվեստասերներին են ներկայացրել Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը: Ցուցադրության հիմքում են եղել «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ում է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը եւ որ դեպքերում:

Կիմա Բեգլարյան (55 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի վերը նշված անդամներին՝ անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից եւ ծառայության տեւողությունից: Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է նաեւ.

1) զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը,

2) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է որոշվում երեխայի նկատմամբ հայրությունը:

Լուսինե Կիրակոսյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ ներկայացնում ենք հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերը՝

1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից,

2) ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից,

3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:

Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրության որոշման պետական գրանցումը կատարում է գործակալությունը: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

 




Լրահոս