ԱԴՐԲԵՋԱՆԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ Է ՆՈՅԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստվածաշնչում հիշատակված համաշխարհային ջրհեղեղի հետ է կապվում Նախիջեւան անունը, իսկ Նախիջեւան քաղաքը համարվում է Նոյ նահապետի կողմից հիմնադրված հնագույն բնակավայրերից մեկը Հայաստանում։ Ըստ ավանդության՝ Նոյը, Աստծու կամքով փրկվելով ջրհեղեղից, Արարատ լեռան գագաթից իջել է մերձակա հարթավայրը եւ իջեւանել մի վայրում, որը հետագայում կոչվել է Նախիջեւան («նախնական իջեւան»)։ Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, որ Նոյ նահապետը թաղվել է հենց Նախիջեւանում: 13-րդ դարի հայ պատմիչ Վարդան Արեւելցին գրում է.  «Ի Նախչուան է տապանն մեծ նահապետին Նոյի եւ Նեմզարայ ի Մարանդ»:

 

Համարվում է, որ Նոյի դամբարանը գտնվել է Նախիջեւան քաղաքի հարավային կողմում՝ հայկական հին գերեզմանատանը։ Դամբարան-մատուռը երկհարկանի է եղել։ Նախիջեւանի քաղաքային ուսումնարանի տեսուչ, մանկավարժ Կ. Ա. Նիկիտինը նշել է, որ Նոյի գերեզմանը գտնվել է քաղաքի հարավային կողմում՝ հին բերդի մնացորդների մոտ։ Իր ներկայիս տեսքով այն վերականգնվել է պարսիկների կողմից։ Այստեղ նախկինում եղել է եկեղեցի, որը հետագայում ավերվել է, սակայն մատուռը նախկին եկեղեցու մնացորդն է։ Մատուռի ներքին տեսքը նման է քարայրի՝ մեջտեղում կամարներով հենված քարե սյունով: Ըստ հայկական լեգենդի՝ այստեղ են գտնվում Նոյ նահապետի մասունքները: Ռուս հայտնի գրող եւ ճանապարհորդ Եվգենի Մարկովը նշում է, որ Նախիջեւանում է գտնվում այն վայրը, որտեղ, ըստ հայերի հավատալիքների, տապանից դուրս գալուց հետո հաստատվել, ապա մահացել է Նոյ նահապետը, իսկ «Նախիջեւան» բառը հին հայերենում բառացիորեն նշանակել է «առաջին բնակավայր»: Նոյի գերեզմանի մասին է հիշատակում նաեւ պատմաբան եւ ազգագրագետ Իվան Շոպենը:

1852 թվականին հրատարակված «Կովկասյան օրացույցում» նշվում է, որ հայկական շատ հուշարձաններ մուսուլմանների կողմից ենթարկվել են ավերածությունների։ Կանգուն է մնացել Նոյի դամբարանը, որը համարվում է հայկական քրիստոնեական կառույց։

1930-ական թվականներին Նախիջեւանի ադրբեջանական իշխանություններն ավերել են մատուռը։ Սակայն 2006 թվականին ադրբեջանցիները «վերհիշել» են այդ հուշարձանի մասին՝ վերականգնելով այն մուսուլմանական հուշարձաններին հատուկ ոճով:

Հարկ է նշել, որ Նոյի դամբարանը Նախիջեւանում եղած հայկական մյուս կոթողների նման հիմնահատակ չի ավերվել միայն այն պատճառով, որ մուսուլմանները Նոյ նահապետին եւս համարել են մեծ մարգարե: Հավելենք, որ ներկայումս ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ապացուցել, որ դամբարանը մուսուլմանական մշակութային կոթող է՝ ժխտելով ակնհայտ փաստերն ու վկայություններն այն մասին, որ այն եղել է հայկական սրբատեղի, ուխտատեղի ու դարեր շարունակ կանգուն է մնացել հենց հայերի շնորհիվ:

«Գեղարդ» հիմնադրամ

 

 

ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ՝ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երեկ մասնակցել եմ կուսակցության նիստին, վարչությունն ինձ հրավիրել էր պարզաբանումներ տալու՝ լսումների հետ կապված բոլորին հայտնի միջադեպի կապակցությամբ», – այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանը նշել է, որ իր օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա:

Դիտարկմանը՝ եթե Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, իրենից էլ դա կպահանջեն, նա պատասխանեց. «Դա ենթադրություն է, իհարկե, բայց դե պարտադիր չէ։ Երբ որ ներկայացվի նման պահանջ, այդ ժամանակ կմտածենք։ Հնարավոր է, որ դնեմ։ Եթե, օրինակ, պարոն Քյարամյանը, ինչպես ես հայտարարել եմ, հրապարակավ անուններ տա եւ հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով, իմ որդու մասնակցությամ, նրա ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակում, ապա ես կդնեմ իմ մանդատը, ես դա հայտարարել եմ։ Իսկ եթե չհրապարակի, ուրեմն առիթ չկա»,- ասել է նա:

Աղազարյանը նաեւ նշեց, որ վարչությունը չի կարող ասել՝ մանդատդ վա՛յր դիր. այդպիսի լիազորություն չունի:

«Վարչությունը այդպիսի բան ասելու լիազորություն չունի թե՝ պարո՛ն Աղազարյան, Ձեր մանդատը վայր դրե՛ք։ Կարող է հորդորել՝ պարո՛ն Աղազարյան, հորդորում ենք, որ Ձեր մանդատը վայր դնեք։ Նման հորդոր, եթե լինի, այդ ժամանակ կպատասխանեմ, վստահաբար չեմ կարող ասել՝ կլինի, թե ոչ», – ասել է պատգամավորը:

 

 

ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԸ՝ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ

Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը։

 

 

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Շրջակա միջավայրի փոխնախարարը չի իմացել, թե ինչու են իրեն ազատում պաշտոնից։ Վերջինիս գիշերը ասել են, որ ազատման դիմում գրի, իսկ թե ինչի համար, ինքն էլ չի իմացել։

Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է տեքստում:

Նա այս պաշտոնին նշանակվել էր 2024թ. հունիսին։ Ավելի վաղ Մկրտչյանն արդարադատության նախարարի տեղակալն էր։




Լրահոս