ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԿԱՇԱՌՔ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմիկ Սարգսի Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդականի պաշտոնը եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ՝ իր ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի եւ վերջինիս մոր՝ անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Մովսիսյանի օգտին գործողություն կատարելու եւ հովանավորչության համար, մեկ դեպքով ստացել է խոշոր չափերի կաշառք, մեկ դեպքով՝ մանր չափերի կաշառք:

 

Արգիշտի Արամի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու դեպքով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդականին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի եւ վերջինիս մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու եւ հովանավորչության համար կաշառք ստանալուն /որից մեկ դեպքով՝ խոշոր չափերի, մեկ դեպքով՝ մանր չափերի/, ինչպես նաեւ կաշառք գումարներ է ստացել՝ իր ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի եւ վերջինիս մատնանշած անձի օգտին հովանավորչության համար:

Մանուկ Սարգսի Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու դեպքով կաշառք է տվել պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդականին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր եւ իր մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու եւ հովանավորչության համար, ինչպես նաեւ որպես կաշառք գումարներ է տվել «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր /Մանուկ Քեշիշյանի/ եւ վերջինիս մատնանշած անձի օգտին հովանավորչության համար:

Արարատ Խաչատուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի օգտին հովանավորչության համար կաշառք ստանալուն:

Հարություն Ժորայի Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, հաստատապես տեղեկանալով ինչպես ավարտված, այնպես էլ շարունակվող միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների կատարման մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ շարունակվել է հանցանքի կատարումը:

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱՎԻՃԱԿ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք:

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 25,

ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի գողության` 5, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու եւ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ձերբակալվածների պահման վայրից, քննչական մեկուսարանից, դատարանից փախուստի, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, հետամտելու եւ հողը փչացնելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

 

ՍԴ ԴԱՏԱՎՈՐ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՍԱՆԻԿԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Նորայր Ժորայի Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, արդարադատության նախարարի թիվ 22-Ա հրամանով, 2011 թ. հունիսի 13-ից մինչեւ 2014թ. մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը եւ օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նույն նախարարությանն մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարությանը, նոտարների համար գույքային վնասի տեսքով ծանր հետեւանքներ են եղել:

Բացի այդ, Նորայր Փանոսյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ համակցությամբ հարկադրել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին փաստացի պատկանող, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել է նոտարական պալատի համար գույքային վնասի տեսքով ծանր հետեւանքներ:

Գործը ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան, եւ այն մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին:

 

 

 




Լրահոս