ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓ՝ 24.5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձեւակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 41 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ:

 

Երեք եւ ավելի վարձու աշխատողների չձեւակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 15 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետեւյալ ոլորտներում.

ավտոտեխսպասարկման եւ (կամ) ավտոլվացման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.250 մլն դրամ տուգանք,

կահույքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,

հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ ունեցող) 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,

հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ չունեցող) 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 22 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.5 մլն դրամ տուգանք,

հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

շինանյութի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.5 մլն դրամ տուգանք,

ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,

պահածոների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.750 մլն դրամ տուգանք,

տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.250 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ չձեւակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

Երեք եւ ավելի չձեւակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 12 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։

Չձեւակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 41 հարկ վճարողների ցանկը։

ՀՀ ՊԵԿ

 

 

 

 

ԵՄ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին, կարեւորել երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը: Մտքեր են փոխանակվել նաեւ Եվրոպական Միության հետ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը ներդնել երկկողմ ձեւաչափում, այդ թվում՝ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջեւ փոխգործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու ակտիվացման ուղղությամբ:

 

 

«ԱՎՏՈՎԱԶ»-Ը ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԳՆԵՐԸ

Ռուսական ավտոարտադրող «ԱվտոՎԱԶ»-ի արտադրանքի գները կարող են աճել հաջորդ տարի: Դրան նպաստում են բարձր տոկոսադրույքը եւ դոլարի փոխարժեքը։ Այս մասին լրագրողներին ասել է ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովը:

Ըստ «ԱվտոՎԱԶ»-ի գնահատականների՝ այս տարի մարդատար ավտոմեքենաների թիվը ներքին շուկայում կհասնի 1,7 միլիոն միավորի, իսկ հաջորդ տարի՝ 1,3-1,4 միլիոնի:

Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ ընկերությունը մտադիր չԷ կրճատել իր ծրագրերը. 2025 թվականին արտադրողը ցանկանում է թողարկել 500 հազար ավտոմեքենա, գործարկել նոր նախագծեր եւ դուրս գալ իրանական շուկա:

 

 

ԵՐԲ ԿՎԱՌՎԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

Եթե արտառոց բան չլինի, 100 %-ով դեկտեմբերի 8-ին է լինելու մայր տոնածառի լույսերի վառման արարողությունը: Այս մասին երեկ՝ ասուլիսի ժամանակ, ասել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ամանորյա զարդարանքի համար այս տարի կծախսվի 549 մլն դրամ։ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ամանորյա միջոցառումները, ձեւավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով, իսկ աշխատանքները բաժանվել են 5 լոտի:

Գրիգորյանը նշեց, որ առաջին լոտի համար նախատեսվել էր 50 մլն, սակայն կծախսվի 18-ը չկայանալու պատճառով, 2-րդ լոտինը կազմել է 60 մլն դրամ, 3-րդինը՝ 190 մլն, 4-րդինը՝ 90 մլն, 5-րդի համար՝ 210 մլն դրամ:

Գրիգորյանը չահամաձայնեց կարծիքների հետ, թե ավելորդ դրամ է ծախսվում ամանորյա զարդարանքի համար եւ գնալով՝ բյուջեն ավելանում է:




Լրահոս