Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական խառնաշփոթ է ստեղծել թիմում:
Սկսենք սկզբից. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ի խայտառակ միջադեպերով ուղեկցված ԱԺ լսումներից հետո Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու որոշում էր կայացրել:
Զեյնալյանն «ինքնակամ» հեռացավ, բայց Աղազարյանը համառորեն դեռ մանդատի կռիվ է տալիս ու հրաժարվում է կատարել Փաշինյանի պահանջը: Նոյեմբերի 19-ին՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստին, Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումն արդեն արձանագրվել է վարչության անդամների միաձայն որոշմամբ, բայց Հովիկ Աղազարյանը համառում է, ու մի բան էլ ինքն է վարչության անդամներին ճնշում, թե իրեն չեն կարող ստիպել մանդատը վայր դնել, այլ կարող են ընդամենը հորդորել:
Ավելին՝ Հովիկ Աղազարյանը «ուլտիմատում» է դնում ՔՊ վերնախավի առաջ՝ պահանջելով հրապարակել որոշումը, որպեսզի ինքը «մտածի» մանդատը վայր դնելու մասին:
ՔՊ վարչության անդամներն էլ, կարծես, անհարմար դրության մեջ են. քար լռություն են պահում եւ չեն հրապարակում կուսակցության վերնախավի որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց վարչության անդամներից պարզել՝ ինչո՞ւ չեն հրապարակում Աղազարյանի մասով կայացված քաղաքական որոշումը, սակայն վարչության անդամները չեն պատասխանում մեր զանգերին:
Ավելի վաղ էլ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էին՝ մեկնաբանելու ոչինչ չունեն, թե Հովիկ Աղազարյանը երբ մանդատը վայր կդնի, կամ երբ կհանրայնացվի վարչության որոշումը:
Կարճ ասած՝ Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում:
Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր նրանով, որ նախարարը Փաշինյանին չէր զեկուցել կամ սխալ էր զեկուցել կատարված աշխատանքներից մեկը: Եվ ահա ստի համար հատուցեց իր պաշտոնով։ Իսկ շրջակա միջավայրի պահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը զեկուցու՞մ է վարչապետին ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին: Թերեւս՝ ոչ, քանզի Հակոբ Սիմիդյանը եւս անմասն չէր մնա պատասխանատվության իր բաժնից։ Պաշտոնական փաստաթղթերից (Տե՛ս ArmLur.am կայքում) «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կազմակերպումը եւ կապալառուի հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծել է, քանզի աշխատանքները ժամանակին ավարտելու կանխատեսումը դարձել է ակնհայտ անհնար։ Բայց այս դեպքում՝ չեն աշխատում ՔՊ-ականները՝ հատուցում է մեր ազգային հարստություն Սեւանը:
ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը վերջնական որոշում է կայացրել եւ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։
Իսկ ինչ ճանապարհ է անցել եւ ինչ ունեցվածք ունի Արթուր Պողոսյանը. նա իրավական ոլորտում է վաղուց՝ սկսած 2006 թվականից։ Առաջին պաշտոնը եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային քննչական բաժնի քննիչի, նույն վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ, ապա ավագ քննիչ։ Քննիչի պաշտոնից 6 տարի անց դարձել է Լոռու մարզի դատախազության դատախազ, ապա ավագ դատախազ, այնուհետեւ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ։
Արթուր Պողոսյանի մասին ասում են՝ ոլորտի լավագույն մասնագետներից է։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ, իսկ 2020 թվականի մայիսի 13-14-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ։ Պողոսյանը եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը։ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին։
Արթուր Պողոսյանը հայտարարագրել է 1 բնակարան Լոռու մարզի Վանաձոր համայնքում, նույն համայնքում 2021 թվականին ձեռք է բերել ավտոտնակ։ Դատախազի տեղակալը Երեւանում եւս բնակարան ունի, որը ձեւակերպվել է որպես հիփոթեք, իսկ հիփոթեքի մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 905 հազար դրամ։
Նախորդ տարի՝ 2023 թվականին, Արթուր Պողոսյանը ձեռք է բերել Honda մակնիշի մեքենա, որն արժեցել է 7 մլն 800 հազար դրամ։ Պողոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 700 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն դրամ, 5 հազար դոլար։
Դատախազի տեղակալի տարեկան եկամուտները կազմել են 32 մլն 807 հազար դրամ, որից 25 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է եղել ՀՀ Դատախազությունից։ Արդարադատության ակադեմիայից Պողոսյանը ստացել է 55 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Տեղակալը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 3 մլն 670 հազար դրամ՝ որպես եկամտահարկի վերադարձ, որը հիփոթեքով բնակարանի մայր գումարը մարելու համար է։
Եկամուտների 3 մլն 980 հազարը վարկ է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից։
Պողոսյանի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 098 հազար դրամ։
Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն վարկերի մարմանն ուղղել է 6 մլն 700 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 19 մլն 480 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման անգլուխ մնացած հանձնաժողովը, հիմք ընդունելով սեփական ուսումնասիրության եւ աուդիտի եզրակացության տվյալները, պարզել է, որ «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարել է նվիրատվություն թույլատրելի չափից 7 անգամ ավելի` 700 հազար դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված ՎԻՎ/324/2024 23 էջանոց գործի արդյունքում նվիրատուի տնօրեն Արսեն Բաղդագուլյանը տուգանվել է փոխանցած գումարի չափով` 700 հազար դրամ։ Սա նշանակում է, որ բոլոր դեպքերում ՔՊ դրամահավաքները պրոբլեմ են մեր երկրում. մասնակցելը հանգեցնում է հանրային պարսավանքի եւ փաստացի տուգանքի՝ ընկերության նկատմամբ. իսկ չմասնակցելու դեպքում էլ հարկային տուգանքի խնդրի ռիսկ է առաջանում: