Օրերս Ազգային ժողովում անցկացված լսումների օրակարգում Հարկային օրենսգրքի փոփոխություններն էին։
Այս փոփոխությունները կանդրադառնան 12.800 տնտեսվարողի վրա:
Օրենքի փոփոխությունը մի շարք խնդրահարույց կետեր ունի, որոնց մասին ArmLur.am-ը զրուցել է «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին շարժման» համանախագահ, նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանի հետ։
-Պարո՛ն Բագրատյան, այսօր Ազգային ժողովում հարկային օրենսգրքի մասին լսումներ էին, տեղյա՞կ եք՝ օրենքն ինչ բացասական կետեր է պարունակում:
-Դրական ոչինչ չի ներկայացնում այդ օրենքը: 2012 թվականին, երբ անցանք շրջանառության հարկի, բոլոր ոլորտները նույնպես անցան ավելացված արժեքի հարկի: Իհարկե, խոսքը չի վերաբերում խաղերին. կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը այդ ոլորտում անձնական շահագրգռվածություն ունի: Հիմա ինչ պրոեկտ՝ է չգիտեմ, քանզի իշխանությունը մի բան որոշում է եւ արագ մտքափոխվում է եւ ուրիշ մի բան կայացնում: Մենք ունենք 48 տեսակի գործունեության տեսակ, 2025 թվականին ԱԱՀ-ն ավելացվում է եւս 12 տեսակի գործունեության համար:
-Մոտավորապես քանի՞ տոկոսով են այդ դեպքում ավելացվում հարկերը:
-Այստեղ ավելանալու հարցը չէ, նախկինում դա շրջանառության հարկ էր, ենթադրենք՝ 5 տոկոս: Եթե քիչ էր դա, կարելի էր դարձնել, 6, 7, կամ 10 տոկոս, հիմա, սակայն, դա դառնում է ավելացված արժեքի հարկ: Իմ կարծիքով՝ սա բյուջեին կբերի լրացուցիչ 80-1000 միլիարդ գումար, բայց բյուջեի նպատակը փող շտամպե՞լն է…. այս տեմպերով մենք կարող ենք 2025 թվականին տնտեսական լուրջ անկում ունենալ:
-Պարո՛ն Բագրատյան, ըստ որոշ բիզնեսմենների եւ տնտեսագետների՝ նշված օրենքը հարվածի տակ է դնում մանր եւ միջին բիզնեսի գործունեությունը:
-Նիկոլ Փաշինյանին չե՞ք հիշում, որ գոռգոռում էր, երկաթով խփում, այդ գոռգոռալու արդյունքում միացել էր մեզ՝ մեր նախաձեռնությանը՝ շրջանառության հարկի վերաբերյալ: Մեզ միացան նաեւ հանրապետականները: Նիկոլ Փաշինյանն աղաղակում էր՝ բիզնեսը հիմա ազատ կլինի, սակայն ինքն էլ հիմա ոչնչացնում է այն:
Այս փոփոխությունների հետեւանքով շատ ծառայություններ կվերանան: Ես չեմ կարող պատկերացնել փաստաբանական գրասենյակ, որն աշխատում է ԱԱՀ-ով. այսինքն՝ ստիպված պետք է խոշորանան՝ իրար միանան:
Այս օրենքի ընդունման պատճառով ավելանալու են ստվերում աշխատող կազմակերպությունները, որոնք հարկ չեն վճարելու:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԲԱՑԱՌՈՒՄ Է, ՈՐ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԿԴՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնախու Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։
Վերջինիս թեստի արդյունքը եղել է դրական, ինչը ՔՊ-ում նոր կրքեր է բորբոքել։
Մամուլում օրերս տեղեկություն տարածվեց, որ թեստի դրական արդյունքից հետո ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին։
Շրջանառվում են նաեւ տեղեկություններ, որ առաջիկայում Կարեն Սարուխանյանը վայր կդնի պատգամավորի մանդատը։
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել պատգամավորի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար, սակայն նա ողջ օրը անհասնելի էր։
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը վստահ հայտարարեց. «Ես բացառում եմ, որ Կարեն Սարուխանյանի մանդատը վայր դնելու հարց քննարկվի, լինելով քաղաքական թիմի անդամ՝ որեւէ պատճառ չեմ տեսնում», – ասաց նա։
Հարցին, որ պատճառը նրա թեստի դրական արդյունքն է, Էմմա Պալյանն ասաց. «Լիքը բաներ են հրապարակվում, որոնք իրականության հետ աղերս չունեն»։
Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետի թեկնածուի փոփոխությանը՝ Էմմա Պալյանը նշեց, որ այս պահին թեկնածու փոխելու մասին տեղեկություն չունի։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ, ԶՈՐԱՑՐՄԱՆ ՕՐԵՐԸ
Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հաստատվեց ձմեռային զորակոչի եւ զորացրման օրերը։
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչ կամ զորակոչ), որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:
Համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եվ զորացրում կատարելու մասին օրակարգային հարցի նախագծի՝ 2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաեւ օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:
2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչեւ 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2025 թվականի հունվարի 7-ից մինչեւ հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025 թվականի հունվարի 9-ից մինչեւ հունվարի 31-ը ներառյալ:
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ