ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԶՍՊԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում ընթացող COP 29-ի առիթով Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի եւ Բրյուսելի խորհրդարանների 20 անդամներ դիմել են Ադրբեջանի կառավարությանը եւ COP 29-ին մասնակից Բելգիայի կառավարության պատվիրակությանը` երեք հիմնական պահանջներով. Ազատություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն եւ ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում։

 

Հայտարարությունը ստորագրվել է Բելգիայի հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից՝  MR, Les Engages, DeFI, N-VA, CD&V, Vooruit եւ Groen։ Առաջին երեքի դեպքում հայտարարությունը ստորագրել են անձամբ կուսակցությունների ղեկավարները։

Բելգիացի քաղաքական գործիչները նախ շեշտում են, որ իբրեւ COP 29-ը ընդունող երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է շոշափելի հավատարմություն ցուցաբերել մարդու իրավունքների, մարդու արժանապատվության եւ արդարության հիմնարար սկզբունքներին։ Այնուհետեւ նրանք նշում են իրենց պահանջները՝ հիշեցնելով 2020 թվականի դեկտեմբերի 16-ից հետո Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի եւ Վալոնիայի խորհրդարանների կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձեւերը։

Այդ, ինչպես նաեւ 2021 թվականի մայիսից եւ 2024 թվականի հոկտեմբերից հետո Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերին համահունչ՝ բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում.

գ անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին եւ գերիներին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

գ Ապահովել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության՝ ներառյալ վանքերի խաչքարերի անձեռնմխելիությունը։ Զերծ մնալ դրանց ալբանացումից, ինչպես նաեւ պատմական վերանայումներից։

գ Զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից եւ ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետությունում օկուպացված տարածքներից։

Բացի այդ, համահեղինակները Բելգիայի կառավարության պատվիրակությանը կոչ են անում COP 29-ին մասնակցության ընթացքում գործել վերը նշված խորհրդարանական բանաձեւերի ոգուն համահունչ։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է այս նախաձեռնությունը՝ նշելով. «Մենք երախտապարտ ենք հայտարարության համահեղինակներին, որոնց թվում են խոշոր քաղաքական կուսակցությունների նախագահները, բարձրաստիճան խորհրդարանականները եւ օրենսդիր մարմնի բոլոր մակարդակների ներկայացուցիչներ։ Անհրաժեշտ է ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ մղելու նրանց հարգել միջազգային նորմերը եւ գործել դրանց համապատասխան։ Այս հայտարարությունը ընդգծում է այդ անհրաժեշտությունը եւ հստակ ուղերձ է, որին COP29-ին մասնակից բելգիական պատվիրակությունը պետք է հավատարիմ մնա։  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կշարունակի իր հավատարմությունը արդարությանն ու խաղաղության հաստատմանը եւ միշտ կձգտի ընդգծել այդ նպատակներին հասնելու համար բովանդակալից եւ անմիջական գործողությունների անհրաժեշտությունը»:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

 

 




Լրահոս