Անշուշտ, ՀՀ նախագահին հայտնի է, որ տեսականորեն իրավական ու ժողովրդավար մեր երկրում դատական համակարգը երբեք այնքան անվստահելի ու վարկաբեկված չի եղել, որքան վերջին տարիներին: Բոլորը գիտեն, որ հայաստանյան արդարադատությունը լուրջ հիվանդ է, դա լավ գիտի եւ ՀՀ նախագահը, բայց կարծես չի էլ փորձում այն բուժելու, բարենորոգելու համար որեւէ կտրուկ միջամտություն կատարել:
19.11.2001թ. Գյումրու քաղաքապետի թիվ 270 որոշմամբ ք. Գյումրի, Սունդուկյան եւ Տերյան փողոցների խաչմերուկին կառուցապատումից ազատ, առանց երրորդ անձանց իրավունքի ապահովման պահանջի, 125 ք/մ մակերեսով հողամասը վարձակալությամբ ինձ էր տրամադրվել: 22.10.2002թ. օրենքով սահմանված կարգով մասնակցել եմ հայտարարված աճուրդին եւ գնել այն: Սեփականությունս հասցեավորվել է (Տերյան 97բ), եւ ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի կողմից 09.12.02թ. տրվել է սեփականության իրավունքի թիվ 430573 վկայականը: Հանկարծ, որտեղից որտեղ, 17.07.2009թ. «Օրենքին հակասող աճուրդը եւ հետեւանքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին» ՀՀ ՎԴ հայց է ներկայացնում 1999թ-ից Հունաստանում բնակություն հաստատած (մահացած 29.12.09թ.) ոմն Ա.Ավրամովի քույրը: 20.10.09թ. գործը վարույթ է ընդունվում եւ (դատ. Է.Նահապետյան) միայն 14 ամիս անց (չնայած ՀՀ ՇՄ դատախազի տեղակալ Վ.Մխիթարյանի եւ Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանի կողմից ճնշումների)` 06.12.2010թ., մերժվում իմ` երրորդ անձիս եւ պատասխանող` Գյումրու քաղաքապետի դեմ ներկայացված հայցը:
Վճռից դժգոհ հայցվորները, որոնք, ի դեպ, այդ հողամասի նկատմամբ օրենքով որեւէ իրավասություններ երբեւէ չեն ունեցել եւ Տերյան փող. կողմից մուտք ունենալ պարզապես չէին կարող, ու պատասխանողը 29.12.2010թ. վերաքննիչ բողոք են ներկայացնում ՀՀ ՎՎԴ: Եթե հայցվորի պարագայում բողոքը հասկանալի է (իմ հողամասն իրենց բնակարանին բռնակցվելու դեպքում դրա շուկայական գինը կբարձրանա), ապա պատասխանող Վ.Ղուկասյանի ակտիվանալու տրամաբանությունն անհասկանալի է: Վերաքննիչ բողոքը մի քանի ամիս ՀՀ ՎՎԴ հանգրվանելուց հետո հանրությանը հայտնի փաստաբան-դատավոր գործարքի արդյունքում 12.05.11թ. մի անհիմն ու խայտառակ վճիռ հրապարակվեց, որով գործը բեկանվեց եւ ուղարկվեց վարչական դատարան` լրացուցիչ քննության:
ՀՀ ՎԴ նախագահ Կ.Մաթեւոսյանն այն վստահեց իր համակուրսեցի Կարինե Բաղդասարյանին, ով դեռեւս 2009թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակված էր ՎԴ դատավոր եւ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված էր արդարադատության խորհրդի անդամ: Վերջինս, միտումնաբար անտեսելով իր վարույթում եղած գործում առկա ծանրակշիռ փաստերը, չկիրառելով նույնիսկ աչք ծակող հայցային վաղեմության հանգամանքը, հասկանալի դրդապատճառներով բավարարեց 100%-անոց մերժման ենթակա հայցը:
Հանուն Հայաստանի Հանրապետության` 10.11.11թ. վարչական դատարանի դատավոր Կ.Բաղդասարյանը անթաքույց կաշկանդվածությամբ հրապարակեց հերթական անօրինական, թույլ ու թերի վճիռը, որը, լինելով դատական անիշխանության հետեւանք, վարչական ապտակ էր Սերժ Սարգսյանին:
Հ.Գ. Նախախնամություն էր, թե պատահականություն, այդ կաղ վճռի տակ մակագրելիս դատավորն այնքան էր շտապել, որ նույնիսկ չէր էլ նկատել, որ մակագրում է Կ.Կաղդասարյան անվան դիմաց…
Գյումրի