ԻՆՉ ԹԻՐԱԽՆԵՐ ԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՇԱՌԱՎՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականին Ազգային ժողովում արտահերթ ռեժիմով ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կատարվեց գույքահարկի գործող դրույքաչափերի փոփոխություններ, որը դարձավ հակասական դժգոհությունների պատճառ:

 

«Գույքահարկի մասին» օրենքի համաձայն՝ շենքերի, շինությունների կադաստրային գնահատումն իրականացվում է երեք տարին մեկ անգամ` հաջորդ երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար:

Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ գույքահարկի ավելի բարձր դրույքաչափերի անցնելու ժամկետը սահմանվել է վեց տարի: Այսպիսով՝ անշարժ գույքի սեփականատերերն առաջին անգամ գույքահարկի նոր սանդղակով վճարում կկատարեն 2021 թվականի դեկտեմբերին՝ գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը։

Այս տոկոսային հարաբերակցությունը հասկանալու համար կարող ենք սահմանել հետեւյալ օրինակը՝ վերցնելով գույքահարկի համար մինիմալ արժեք 20 հազար դրամ։ Գրաֆիկին նայելով կարող եք հասկանալ, թե ինչ փոփոխության է ենթարկվել գույքահարկը՝ թանկանալով գրեթե 4 անգամ։

Համաձայն որոշ տնտեսագետների՝ սա արվում է մեկ նպատակով. քանի որ իշխանությունները որոշում են կայացրել պետական բյուջեից ֆինանսներ չհատկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ստեղծել կայուն եկամուտ՝ ՏԻՄ գործունեությունը ապահովելու եւ համայնքի կարիքները հոգալու համար։

Որքան էլ շատ են բողոքները, որ ՀՀ-ում գույքահարկը դարձել է 100%, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը չի նախատեսում դրանք կրկին վերանայել։ Իսկ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները գույքահարկի մասին որեւէ տեղում չեն պարունակում

Գույքահարկից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գծային ինժեներատրանսպորտային շինությունները, եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում.

2) ջրամբարները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկվող օբյեկտ համարվող շինությունները։

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած եւ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքը` մինչեւ այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը.

5) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով եւ այլոք։

Առաջին հայացքից ամեն բան կարգին է եւ ոչինչ չկա մտահոգվելու, սակայն ArmLur.am-ը, զրուցելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հետ, առանձնացրել է կետեր՝ ինչ թիրախներ կան այս օրենքի շառավղում։

«Գույքահարկի ավելացման փաթեթավորումը  երբ բերեցին, ասում էին՝ մենք փորձում ենք գույքահարկով մեղմել սոցիալական անարդարությունը, որը գալիս էր եկամտային հարկի համահարթեցումից։ Փորձեցին պրոգրեսիվ հարկման անվան տակ բարձրացնել գույքահարկի դրույքաչափը։ Սա հիմնականում ոչ թե հարստության հարկման տարր ունի, այլ իրականում հարկ «քերթելու» դասական դրսեւորում է, որովհետեւ հիմնական բեռը թողնում են միջին ու ցածր եկամուտ ունեցող խավի վրա»,- ասում է Ավետիսյանը։

Պատգամավորն օրինակների է բերում նաեւ, թե ինչպես է օգտագործվում Երեւանում վճարված գույքահարկը եւ ինչպիսի անհիմն ծախսերում է ներառվում։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 




Լրահոս